Մատչելիության հղումներ

Նորանշանակ նահանգապետի պաշտոնակատարին Խաբարովսկում դիմավորել են բազմամարդ բողոքի ցույցերով


Բողոքի երթ Խաբարովսկում։ 21-ը հուլիսի, 2020թ․
Բողոքի երթ Խաբարովսկում։ 21-ը հուլիսի, 2020թ․

Խաբարովսկի երկրամասի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարյովի առաջին մամուլի ասուլիսը մեկնարկից մի քանի րոպե առաջ հետաձգվել է: Երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ասուլիսն անորոշ ժամանակով հետաձգելու որոշումը կայացվել է մեծ թվով դիմումների և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բարդ համաճարակային իրավիճակի պատճառով:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) անդամ, Պետդումայի պատգամավոր, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մտերիմ թիմակիցը համարվող Դեգտյարյովին Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան: Նախագահ Պուտինի նույն հրամանագրով նախորդ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը հեռացվել է պաշտոնից` «նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ»:

Այսօր Խաբարովսկ ժամանած նորանշանակ նահանգապետի պաշտոնակատարն արդեն հանդիպել է երկրամասի կառավարության անդամների հետ` առաջին խնդիրների թվում նշելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը և տնտեսական ու սոցիալական խնդիրների մոնիտորինգը:

Խաբարովսկի բնակիչներն այսօր կրկին հավաքվում են Լենինի հրապարակում, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է ամեն օր բողոքի աննախադեպ բազմամարդ ակցիաներ են անցկացվում նախկին նահանգապետ Ֆուրգալի ձերբակալության պատճառով: «Վ կոնտակտե» սոցիալական ցանցի «Տիպիկ Խաբարովսկ» խմբում հաղորդվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները ցանկանում են հանդիպել Միխայիլ Դեգտյարյովի հետ:

Սերգեյ Ֆուրգալին պաշտոնից հեռացնելու և Միխայիլ Դեգտյարյովին նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին Վլադիմիր Պուտինի հրամանագիրը երկրամասում կրտուկ բացասական արձագանք է առաջացրել: Ինստագրամում օգտատերերը գրել են` «Մենք Ձեզ չէինք սպասում», «Մենք Ձեզ չենք ընտրել»:

Այսօր երկրամասի օրենսդիր մարմնի պատգամավոր Պյոտր Եմելյանովը և Խաբարովսկի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսանդր Կայանը հայտարարել են Ժիրինովկսու ՌԼԴԿ-ից դուրս գալու մասին:

«Ամոթ է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Նման քաղաքականությունն ինձ համար չէ», - գրել է Եմելյանովը:

Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին Խաբարովսկում և նույն օրը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երկու ամսով կալանավորել են: Քաղաքական գործչին մեղադրել են 15 տարի առաջ մի քանի գործարարների սպանությունները կազմակերպելու մեջ: Ֆուրգալը հերքում է այդ մեղադրանքը:

Հուլիսի 11-ից Խաբարովսկում և երկրամասի մի քանի այլ քաղաքներում տեղի են ունենում բազմահազարանոց բողոքի ակցիաներ ի պաշտպանություն Ֆուրգալի: Տեղի բնակիչները խոսում են նախկին նահանգապետի քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստի մասին` դա կապելով նրա ժողովրդականության և երկրամասում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ազդեցության անկման հետ:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Խաբարովսկի շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Նիզովցևը «Ազատության» ռուսական ծառայության եթերում մեկնաբանելով Պուտինի որոշումը` ասել է, թե այն «համախմբել է Խաբարովսկի բնակիչներին». – «Դեգտյարյովի նշանակումից հետո բողոքի ակցիաներն է'լ ավելի մարդաշատ կլինեն: Եթե նախկինում կային մարդիկ, որ ասում էին` եկեք Մոսկվայի և Պուտինի դեմ չբողոքենք, այսօր այդ մարդիկ լռեցին»:

ՌԼԴԿ-ն Ֆուրգալին Խաբարովսկի երկրամասի նահանգապետի պաշտոնում առաջադրել էր 2018 թվականին, և նա մեծ առավելության հաղթել էր «Եդինայա Ռոսիայի» թեկնածուին:

XS
SM
MD
LG