Մատչելիության հղումներ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խաղաղության և երկխոսության կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը չի միացել թուրքական մեջլիսում ներկայացված մյուս քաղաքական ուժերի՝ Հայաստանին դատապարտող հայտարարությանը, արտահայտել է իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ։ Ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը գրավոր հայտարարությամբ կողմերին խաղաղության և երկխոսության կոչ է արել։

«Ադրբեջանցի և հայ ժողովուրդները օդի ու ջրի պես խաղաղության կարիք ունեն։ Հարևան և հարակից բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է խրախուսեն երկխոսությունն ու բանակցությունները Սառը պատերազմի ավարտից ի վեր Կովկասում շարունակվող բախումներին և պատերազմներին վերջ դնելու ու խաղաղության հաստատման համար», - ասված է հայտարարության մեջ։

Ընդգծելով, որ հարցի քաղաքական լուծման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնողականությունը, Օլուչը շեշտել է. - «Մեր քաղաքականության հիմնական առանցքը պետք է միջնորդությունը լինի։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը խնդիրների լուծման հիմնական ուղին է։ Ցավոք, բանակցություններն ու քաղաքական լուծման միջոցները երկար տարիներ ետին պլան են մղվել։ Սրան հակառակ, երկու կողմն էլ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, առաջնահերթություն տալով խաղաղասիրական արտաքին խաղաղությանը, լարվածության թուլացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար պետք է բանակցային սեղանի շուրջ նստեն»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG