Իրանը Ֆրանսիա է ուղարկել Թեհրանում այս տարվա հունվարին խոցված ուկրաինական օդանավի սև արկղերը, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մոհսեն Բադարվանդը:
Դիվանագետը հավելել է, որ Փարիզ հասցված սև արկղերի ձայնագրությունների վերծանումը կմեկնարկի երկուշաբթի օրը:
Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար օդանավը ոչնչացվել է հունվարի 8-ին: Զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ: Օրեր տևած ժխտումներից հետո Իրանի իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել` ուկրաինական Boeing-ը կործանվել է երկրի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների հետևանքով: