Մատչելիության հղումներ

Վարակաբան․ Ավելի շատ են դիմակները կրում, ավելի ճիշտ են դիմակները կրում


Վարակաբան Հասմիկ Ղազինյան

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում մեկ օրում ավելացել է 442-ով` հասնելով 34 հազար: Հիվանդության հետևանքով երեկ 13 մարդ մահացել է: Նրանցից ամենաերիտասարդը 51 տարեկան էր, ամենատարեցը` 84: Կորոնավիրուսից մահացածներին թիվն այսպիսով հասավ 620-ի, կորոնավիրուսով վարակված ևս 197 մարդ մահացել է այլ հիվանդություններից:

Երեկ իրականացվել է 1704 թեստավորում, դրական է եղել դրանց շուրջ 26 տոկոսի պատասխանը: Կորոնավիրուսը հաղթահարածների թիվը մեկ օրում ավելացել է 561-ով` հասնելով 22 հազար 492-ի, փաստացի բուժում են ստանում 10 հազար 962 մարդ:

Արդեն 5 օր շարունակ բուժվածների թիվն ավելի մեծ է, քան նոր վարակվածների թիվը:

Սակայն վարակաբան Հասմիկ Ղազինյանը վստահ չէ, որ այս միտումն օրինաչափություն կդառնա: Իրականացված թեստերի և հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցությունը նվազում է, ինչը, մասնագետի խոսքով, դիմակ կրելու պարզ կանոնին հետևելու արդյունք է. – «Վերջերս ուրախությամբ նկատում եմ, որ ավելի շատ են դիմակները կրում, ավելի ճիշտ են դիմակները կրում: Եվ այո, հակահամաճարակային միջոցառումներից մեկը գոնե կարգավորվում է»:

Վարակաբանի գնահատմամբ, եթե մարդիկ նույն կերպ հետևեն սոցիալական հեռավորության պահպանման և ձեռքերը պարբերաբար ախտահարելու կանոններին, Հայաստանը լուրջ առաջընթաց կգրանցի կորոնավիրուսի դեմ պայքարում:

Չնայած վերջին օրերին նկատվող դրական միտումներին, կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը չի նվազում: Հասմիկ Ղազինյանի խոսքով, դրա պատճառներից մեկը հիվանդների ուշ հոսպիտալացումն է:

Այս կիրակի Վարդավառն է: Այդ օրը սովորաբար բազմամարդ միջոցառումներ են իրականացվում: Վարակաբանը կոչ է անում չմասնակցել միջոցառումներին:

Նույնն է հորդորում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը. – «Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ` այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը»:

Կուտակումները կանխելու նպատակավ, կիրակի օրը Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում:

XS
SM
MD
LG