Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի մեղադրանքը, գործը ուղարկվում է դատարան: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Կրտսեր քույրը՝ Մարիան, որը հանցագործության կատարման պահին անչափահաս էր, ավելի վաղ անմեղսունակ է ճանաչվել, նրա գործը կքննվի առանձին: «Մյուս երկու քույրերինը՝ Կրիստինայի և Անգելինայի, մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ գործը քննել ժյուրիների ներկայությամբ», - հայտարարել է պաշտպան Ալեքսեյ Պարշինը:
Նրա խոսքերով՝ ամենայն հավանականության գործընթացը կլինի փակ, քանի որ «գործում կան սեռական անձեռնմխելիության խախտման մասին տվյալներ»:
Խաչատրյանների գործը շուրջ երկու տարի է ամենաքննարկվողներից է Մոսկվայում: Ի աջակցություն քույրերի, որոնց երկարամյա ազատազրկում է սպառնում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում պարբերաբար ակցիաներ, ստորագրահավաքներ են անցկացվում:
Երիտասարդ քույրերը պնդում են, որ իրենց պարբերաբար բռնության ենթարկող հորը սպանել են ինքնապաշտպանվելու ընթացքում: Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել: Աղջիկները նաև սեռական բնույթի բռնության են ենթարկվել հոր կողմից: