Մատչելիության հղումներ

Ծանր և ծայրահեղ ծանր Covid-ով հիվանդների թվի նվազում չի նկատվում. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ, 13 հուլիսի, 2020թ.

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 111, ծանր վիճակում 546 հիվանդ, 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին, այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսանը։

Խոսելով հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածության մասին ասաց նաև. - «Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են ընդհանուր առմամբ, այսինքն` այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա»:

Միևնույն ժամանակ հայտնեց՝ այս պահին տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներ չկան. - «Չունենք որևէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի առավոտյան ժամը 9:00 դրությամբ, և ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց: Երեկ երեկոյան և այսօր առավոտյան այդ թիվը հավասարվել է արդեն մեկի` նախորդ շաբաթվա մոտավորապես 20-ի շրջանակում եղած թվի համեմատ»:

Վարչապետն արձանագրեց. - «Այս շրջանում օրեր ենք ունեցել, երբ մինչև 200-ի է հասել»:

«Ավելին` համարյա մինչև 300 ունեցել ենք հունիսի սկզբում, կեսերին», - շարունակեց նախարարը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 32 հազար 151-ի։ Երեկ 698 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 182 մարդու մոտ։ Սովորաբար կիրակի և երկուշաբթի օրերին նման պատկեր է: Հայաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 135 հազար 687 թեստավորում: Երեկ առողջացել է 232, մահացել քրոնիկական հիվանդություն ունեցող 8 մարդ։ Մահվան դեպքերը հասել են 573-ի։ Երեկ արձանագրվել է ևս մեկ մահ, հիվանդի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի վարակ, սակայն այլ պատճառով է մահացել։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է: Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում 11 հազար 530 անձ։ Կորոնավիրուսով հիվանդներին ընդունում են 19 բժշկական կենտրոններ, որոնցից 7-ը` մարզերում, 12-ը` Երևանում։​

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծանր և ծայրահեղ ծանր Covid-ով հիվանդների թվի նվազում չի նկատվում, «Ազատությանը» փոխանցեց հիվանդանոցի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը. - «Համարյա միշտ վերակենդանացման բաժանմունքի մահճակալները 100 տոկոսով զբաղված են: Բացառիկ դեպքեր են լինում, որ մենք ունենում ենք վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալներ, որտեղ հիմնականում ծայրահեղ ծանր հիվանդներն են: Մենք բաժանմունքներում նույնպես ունենք ծանր ընթացքով հիվանդներ, էական նվազման միտում դեռ ծանրերի և ծայրահեղ ծանրերի մեջ չկա: Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները պայմանավորված են տարբեր գործոններով, նախ` բուն հիվանդության ընթացքը, այսինքն` թոքերի ախտահարման ծավալները, տոկոսները, որ շատ մեծ են լինում, այսինքն` տոտալ կամ ոչ տոտալ թոքաբորբերի դեպքում, այսինքն` ամբողջ թոքամակերեսներն ընդգրկված են լինում բորբոքային պրոցեսներում, և ծանրերն ու ծայրահեղ ծանրերն պայմանավորված են նաև ուղեկցող հիվանդություններով, որը շատ-շատ հաճախ բերում, բարդացնում է հիվանդության ընթացքը: Այդպիսի հիվանդություններն են հիմնականում ճարպակալումը, որ շատ-շատ է խանգարում մեր հիվանդության ընթացքին, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և սիրտանոթային տարբեր հիվանդություններ»:

Ծանր և առանձնապես ծանր հիվանդների բուժօգնությամբ զբաղվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այս պահին 2 մահճակալ է ազատ, որտեղ, սակայն, ժամեր անց հիվանդների են ընդունելու. - «Այդ պահի դրությամբ ես վերակենդանացման բաժանմունքում ունեմ ընդամենը ազատ 2 մահճակալ, որոնց համար արդեն հիվանդները տարբեր տեղերից` մեկը մեկ այլ բուժհաստատությունից, մյուսը մյուսից գալիս են: Արդեն առավոտ ներկայացված հայտի համաձայն տեղափոխվում են այլ բուժհաստատություններից ծանր հիվանդներ»:

Ըստ Մանուկյանի՝ հակահամաճարակային կանոնները լիարժեք չպահպանելու պատճառով է նաև, որ վարակվածների թվի նվազման միտում չկա։

Մինչ այդ ոստիկանները շարունակում են հսկողություն իրականացնել հանրային վայրերում, դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար մինչ օրս կազմվել է ավելի քան 80 հազար արձանագրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG