Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարին նոր լիազորություններ տվող նախագիծը չեն ողջունում


Արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի համար նոր լիազորություններ սահմանող օրենսդրական փոփոխության նախագծի անհրաժեշտությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի տեսնում: Նախագիծը հաստատվեց և ԱԺ ուղարկվեց այս հինգշաբթի կառավարության նիստին:

Փոփոխության համաձայն` արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

«Այսօրվա օրենսդրությամբ, օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով լրիվ, ամբողջությամբ հնարավոր է անել այն, ինչ որ ենթադրվում է կամ նախատեսվում է այդ նախագծով, այսինքն` և համայնքային ենթակայության բուժհիմնարկների հետ կապված, և մասնավոր բուժհիմնարկների հետ կապված որևիցե խնդիր չկա», - ասում է Զեյնալյանը:

Նախագծում չի մանրամասնվում, թե ինչպես է իրականացվելու լիազորությունների փոխանցումը, բայց ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմը պարտավոր է անցնել համապատասխան վերապատրաստում և ներգրավվել բնակչության բժշկական օգնության գործընթացին լիազոր մարմնի կողմից, որն այս դեպքում առողջապահության նախարարն է: Այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 300-500 հազար դրամի չափով:

Ինչո՞ւ է առաջացել նման նախագծի անհրաժեշտություն, եղե՞լ են դեպքեր, երբ մասնավոր կամ համայնքային հաշվեկշռում գտնվող բուժհաստատությունները հրաժարվել են համագործակցությունից, այս ու այլ հարցեր նախարարությունից նախընտրեցին չմեկնաբանել, հորդորեցին հիմք ընդունել հինգշաբթի կառավարության նիստին նախարարի հնչեցրած բացատրությունը. - «Պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում` մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում, ինչը հաճախ այսօր գործող կարգավորումներով հնարավոր չի լինում, երբ որ մենք կարիք ենք ունենում այդ եղած ռեսուրսի օգտագործման, բայց գործիք այն ներգրավելու չենք ունենում, և հայեցողությունն անձի մակարդակով շատ մեծ է լինում հրաժարվելու կամ ընդունելու այդ աշխատանքներում ներգրավվելը: Հետևաբար, առաջարկում եմ այս նախագիծն ընդունել, ուղարկել Ազգային ժողով, ինչպես նաև այն դարձնել անհետաձգելի»:

Ի դեպ, նախագծի վերաբերյալ մտահոգություններ ուներ նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նկատեց՝ պետք է հստակեցվի բժշկական կազմակերպությունների չստացված եկամուտների մասը, որպեսզի հետագայում հարցը վեճերի առարկա չդառնա․ - «Այն, որ պոտենցիալ չստացված շահույթի վեճ է առաջանալու, որը լավ կլինի` այսօրվանից պայմանավորվենք, ես կարծում եմ` դա ավելի հստակ մեխանիզմ կլինի, քան ապագայում եթե այդ հարցը դառնա քննարկման առարկա»:

Հայաստանի մի քանի խոշոր մասնավոր հիվանդանոցների ղեկավարներ չցանկացան մեկնաբանել օրենքի նախագիծը, բացի այդ ասում են` դրա շատ դրույթներ պարզապես հասկանալի չեն:

«Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը նախագիծն ընթերցելուց հետո մի քանի հարց է բարձրաձայնում. - «Եթե հայտարարվում է վարչապետի մակարդակով և առողջապահության նախարարի մակարդակով, որ այլևս տանը բուժվող հիվանդներ չկան, եթե հայտարարվում է, որ նոր բացվում են Սպիտակի, Էրեբունու նոր ռեանիմացիա պիտի բացվի, ևս 2 ռեանիմացիա տարբեր տեղերում պիտի բացվեն, նոր մահճակալներ են ավելանում, և եթե տանն էլ բուժվող չկա, որտեղից է այդ անհրաժեշտությունն առաջանում նորից կենտրոնացում գնալ, արդյոք պրոգնոզ են արել, որ պիտի շատանա: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը կկարողանա այդ պրոգնոզն անել այսօրվա դրությամբ: Եղե՞լ է արդյոք որևէ մասնավոր հիվանդանոց, որ համագործակցությունից Առողջապահության նախարարության հետ հրաժարվել է: Վստահորեն Ձեզ ասեմ` ոչ, չի եղել: Հաջորդը` արդյոք եղե՞լ է դեպք, որ տվյալ մասնավոր հիմնարկի տնօրենն ավելի պակաս կոմպետենտ է, քան ում պետք է մշակեն, արդյոք առողջապահության նախարարն իր տրամադրութան տակ ունի այդքան բանիմաց, գիտակ, քան առողջապահության փորձված և կայացած կազմակերպիչ Արտյոմ Քուշկյան, Հարություն Քուշկյանի մասին է խոսքը, Արա Բաբլոյան, արդյոք տնօրենների փոփոխություն պիտի լինի, թե՞ չպիտի լինի, օրենքի նախագիծը թերի է, և քննարկում այսպես չենք կարող անել, մինչև որ գնա ԱԺ, հասկանանք, այս դեպքում էլ արդեն կարող է այնքան արագ անցկացնեն, ինչպես այս վերջին կարևոր օրինագծերն անցկացրին առանց հանրային քննարկման»:

Մասնավոր մեկ այլ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գնահատականները շատ ավելի ավելի զուսպ էին. - «Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի եմ, օրենք դառնալուց հետո ես այդ օրենքը պարտավոր եմ կատարել: Սիրեմ այդ օրենքը չսիրեմ, համաձայն լինեմ, թե չլինեմ, վերապահումներ ունենամ, թե չունենամ, դա այլ խնդիր է»:

Նախագիծը Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում դեռ չի քննակվել, և պարզ չի` կընդգրկվի հաջորդ շաբաթ նախատեսվող արտահերթ նիստի օրակարգում, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG