Պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ վերադառնանք թատրոն։ Ֆեյսբուքում դերասաններն են ֆլեշմոբ սկսել՝ «կրիր դիմակ, փրկիր մշակույթը», «ներկայացում եմ ուզում» հեշթեգերով։
«Մեզ համար հիմա ամենակարևոր նպատակը աշխատանքները վերսկսելն է։ Թող սկզբից դա լինի քիչ քանակությամբ հանդիսատեսի համար, բայց կարևորը, որ պրոցեսը տեղի ունենա», - ասաց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո, արդեն ավելի քան 4 ամիս է ինչ ներկայացումներ չկան, խաղացանկերը չեն թարմացվում, բեմահարթակները դատարկ են։ Նարինե Գրիգորյանն ասում է՝ ելքեր կան, կարող են բացօթյա ներկայացումներ բեմադրել, օրինակ, Համազգայինի նորակառույց շենքի տանիքում, այլ տարբերակներ ևս կան. «Հիմա մենք այդպիսի ներկայացումներ ենք մտածում, որոնք հնարավոր կլինի բացօթյա խաղալ: Օրինակ՝ մանկական ներկայացում ենք հիմա ստեղծել, որ կարող ենք գնալ մանկապարտեզի բակում, ուղղակի մեր մեծ հարթակը փռել, որտեղ 15 երեխա կարող է մտնել և այդ հեքիաթը պատմվի, ստեղծվի: Ուզում եմ ասել՝ ամեն ձև փնտրում ենք, որպեսզի կապը չկտրվի։ Ոչ թե փնտրում ենք, որ ուղղակի ցույց տանք, որ գործ ենք անում, այլ ուղղակի մենք դրա համար ենք կոչված, դա մեր մասնագիտությունն է և մենք շատ-շատ ենք ուզում աշխատել»:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ նշեց. «Մենք պետք է այս նեղ հնարավորությունների մեջ մնանք արվեստագետ, որը պարտավորություններ ունի ոչ միայն արվեստի հանդեպ, այլ նաև հասարակության հանդեպ»։
Նաև մշակույթի պակասն է, որ երկրում անհանդուրժողականության մթնոլորտ է, կարծում է Բաբայանը։ Ըստ նրա, թատրոնները վերաբացելու երկու տարբերակ կա՝ ներկայացումները լինեն ավելի փոքր դերասանական խմբով և՛ բաց, և՛ փակ տարածքներում՝ պահպանելով հակահամաճարակային պայմանները։
«Սրա կարևորությունը ես կբնութագրեի որպես հոգեկան առողջություն, որովհետև այն, ինչով մենք այսօր զբաղվում ենք՝ պահպանելով այս բոլոր կանոնները, սա, իհարկե, ֆիզիկական առողջության հարց է, բայց եկեք չստորադասենք հոգեկան առողջությունը։ Այս վարակը ուշ թե շուտ կավարտվի, բայց չի նշանակում, որ շատ արագ մենք կվերադառնանք նախկին հոգեկան հանգստությանը և այստեղ մշակույթի դերը շատ մեծ է», - ընդգծեց տիկնիկային թատրոնի տնօրենը:
Նույնիսկ ամենավատ պայմաններում էլ պետք է փորձել ստեղծագործել, ասում է Բաբայանը՝ հավելելով. «Դերասանի համար մեծ ողբերգություն է չխաղալը, դերասանը սպորտսմենի պես է, նա պետք է մշտապես լինի ֆորմայի մեջ: Դերասանի ֆորման չի կարող սահմանափակվել միայն փորձերով, անպայման պետք է լինի ներկայացում, հանդիսատեսը և դերասանը տալիս են վերջնական արդյունքը, որը կոչվում է ներկայացնում։ Առանց հանդիսականի ներկայացում չկա»:
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը մատնացույց անելով զբոսայգիներից մեկում գտնվող տարածքը՝ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում՝ առաջարկելով վերածել այն թատերական հարթակի։
«Թատրոններն այսօր չունեն այդ ֆինանսական հնարավորությունը, որ ամեն մի թատրոն գա, իրա համար սարքի այդ հարթակը: Ես դիմում եմ մեր շատ սիրելի մշակույթի փոխնախարարին, պարոն Խզմալյան, պետությունը կունենա այդպիսի հնարավորություն, որպեսզի այս հարթակը վերածի մի տարածքի, որտեղ ամեն մի թատրոն, ամեն երեկո կարող է ներկայանալ իր ներկայացմամբ: Ընդունեք սա իմ կողմից որպես առաջարկ, այն առաջարկները, որ ասում էիք, որ չեն անում դերասանները, չեն անում թատրոնի աշխատողները, ընդունեք սա որպես առաջարկ և եկեք միասին մտածենք, ես պատրաստ եմ գալու, խաղալու: Շատ թատրոններում կան կին և ամուսին աշխատող դերասաններ, կարելի է անել ներկայացումներ ընտանեկան, որտեղ վարակվելու այդ աստիճանը մոտենում է մինիմումի», - ասաց Կարապետյանը:
Օրերս Հայաստանի թատերական գործիչները, դիմելով մշակույթի նախարարությանը, խնդրել են միջնորդել պարետատանը, որ թույլատրեն վերսկսել թատրոնների աշխատանքը՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։ Նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ այժմ Առողջապահության նախարարության և պարետատան հետ քննարկում են, թե ինչպես այս պայմաններում մշակութային կյանքը վերականգնեն։ Ժամկետներ, սակայն, չէր նշել։