Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է` Ռուսաստանի ու Բելառուսի միավորման հարցը կրկին օրակարգում է


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն (ձախից) և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (աջից), 30 հունիսի, 2020թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է` Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկում են երկու երկրների միավորման հնարավորությունը, ինչի շուրջ պայմանագիրը ստորագրել էին դեռ քսան տարի առաջ` 1999-ին: Միութենական պետության մասին այդ համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, գերբն ու հիմնը:

Ստորագրումից երկու տասնամյակ անց` մինչ օրս, սակայն, չեն հստակեցրել, թե ինչպես: «Այդ հարցերը եղել ու մնում են օրակարգում», - այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը` հավելելով. - «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, կա ճանապարհային քարտեզների փաթեթ, որը վաղուց է մշակվում»:

Ավելի վաղ` օրեր առաջ, ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, մի ուշագրավ դեպք էր պատմել նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև փակ դռների ետևում տեղի ունեցած բանակցություններից: «Ինձ սկզբում թվում էր, թե սա անեկդոտ է, հեքիաթ, մինչև հանդիպմանը ներկա բելառուսական պատվիրակության անդամներից մեկը հաստատեց, որ իրոք եղել է նման բան, և այդ մասին իրենց մոտ բոլորը գիտեն», - պատմել է Վենեդիկտովը:

«Դեպքը պատահել է Շանհայում մեկուկես տարի առաջ, Պուտինն ասել է` դե, եկեք միավորվենք, Լուկաշենկոն թե` չէ, մենք ենք մեր երկրի տերը, կամ նման մի բան: Բանակցությունների ավարտին, սակայն, Լուկաշենկոն պտտվել է, թե` համաձայն եմ: Պուտինը տարակուսել է` ինչի՞ն: «Ամե՛ն ինչին», - պատասխանել է Լուկաշենկոն ու շարունակել` եկեք այսպես անենք` դուք նախագահը կլինեք, ես` փոխնախագահը: Իսկ հաջորդ տարի արդեն տեղերով կփոխվենք...»:

Այսօր լրագրողները խնդրել են Կրեմլի խոսնակին մեկնաբանել այս պատմությունը. Պեսկովը փաստացի դրան որևէ բառով չի անդրադարձել, բայցև չի հերքել, որ հարցը շրջանառվում է երկկողմ հանդիպումներում: «Այս թեմաներն իսկապես եղել ու մնում են օրակարգում, և իսկապես քննարկվում են ամենատարբեր մակարդակներում», - ասել է Դմիտրի Պեսկովը` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Այս հարցում, ըստ էության, ավելի պերճախոս է բելառուսական կողմը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան փորձում է յուրացնել Բելառուսի ինքնիշխանությունը քաղաքական ու տնտեսական ճնշումների, այդ թվում`գազի ու նավթի թանկացման միջոցով: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեմ վաճառի, և թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը», - մեկ տարի առաջ դեռ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»:

Ի դեպ, այս ամսվա սկզբին Ռուսաստանում Բելառուսի դեսպանը մի ուշագրավ բացահայտում էր արել Պուտինի ու Լուկաշենկոյի դռնփակ բանակցություններից` անուղղակի ակնարկելով` ինչից էր անցած տարեսկզբին Բելառուսի նախագահը բորբոքվել ու հայտարարել, որ ոչ մի գնով իր երկրի անկախությունը չի թաղի. - «Հիշում եմ` 2019 թվականի փետրվարին մեզ առաջարկ ներկայացրին... չեմ ասի` ով էր դրա հեղինակը ռուսական կողմից, բայց երբ նախագահն ինձ կանչեց, նայեցինք, ասացի` սա նշանակում է ծայրից ծայր հանձնվել: Այնտեղ առաջարկվում էր ամեն ինչ փոխանցել վերևներին, մեզ թողնվում էր մի քանի տարր, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը: Այսպես չի կարող լինել, այդ փաստաթղթում, որ մեզ ներկայացվել էր, մեր լիազորությունների 95 տոկոսը պետք է փոխանցվեր վերազգային մարմնին»:

Ամիսներ առաջ դեռ Լուկաշենկոյի հայտարարություններն այս թեմայով շատ ավելի կտրուկ և անզիջում էին: Հիմա, սակայն, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Մինսկը մի փոքր մեղմել է տոնայնությունը: Օրեր առաջ` Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, Բելառուսի դեսպանն անգամ հայտարարել էր, թե նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ինտեգրացիային ու մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել` ընդգրկուն օրակարգով: Երկկողմ հարաբերություններին հետևող փորձագետները, սակայն, չեն բացառում, որ այդ ընտրություններում հերթական հաղթանակն արձանագրելուց հետո Բելառուսի` մինչ օրս անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին կփոխի դիրքորոշումը:

XS
SM
MD
LG