Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում։
Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500 հազար դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչև 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։
Գործադիրը հաստատել է նաև ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը: