Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամն ու հուսահատ տրամադրությունները: Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները:

Օրերս Խաթայի շրջան այցի ժամանակ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ:

«Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, շեշտել է Նաղդալյանը՝ շարունակելով. - «Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ»:

«Ինչպես Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, «ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից»:

Հիշեցնենք, ադրբեջանական պետության ղեկավարի հայտարարություններին հակադարձել է նաև Արցախի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ Ալիևը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա:

XS
SM
MD
LG