Մատչելիության հղումներ

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


Հայաստան-Եվրամիություն ամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2020թ.

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը վավերացվել է երեկ Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում, որը նախագահել է փոխխոսնակ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել հունիսի 24-ին, հուլիսի 1-ին Արտաքին գործերի և ազգային պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել են քննարկումներն ու լսումները: Կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության շարժում» («Կինիմա Ալաղիս»), «Հունական լուծում» («Էլլինիկի Լիսի») և «Մերա 25» կուսակցությունները, դեմ՝ Հունաստանի կոմունիստական կուսակցությունը:

Ավելի վաղ՝ մայիսի վերջին, համաձայնագիրը վավերացրել է նաև Ավստրիայի խորհրդարանը:

Հայաստանը և Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը փաստաթուղթը միաձայն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին, նույն տարվա հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Եվրամիության երկրներից համաձայնագիրը դեռ չեն վավերացրել միայն Իսպանիան և Պորտուգալիան:

XS
SM
MD
LG