Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիան» գնելու գործընթացը


«Թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայան
«Թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայան

Մեկնարկել է նորաստեղծ «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիան» գնելու գործընթացը։ Հեռահաղորդակցության ոլորտում գործող «Վեոն Արմենիա» ընկերությունը Հայաստանում ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշով։

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) նիստ էր՝ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հանձնաժողովը պետք է իր թույլտվությունը տա, որպեսզի գործարքը կայանա։ Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 8-ին երկու ընկերությունները դիմել էին ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ «Թիմ»-ը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 տոկոս բաժնեմասը՝ խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, և ըստ կարգի հանձնաժողովը՝ դիմումի մուտք լինելու պահից 90 օր ժամկետ ունի որոշում կայացնելու համար։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ շաբաթներ առաջ չեղարկված «Յուքոմ» - «Վեոն Արմենիա» գործարքի պատճառով հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել էր ողջ շուկան, ուստի այս գործարքի ուսումնասիրությունը հանձնաժողի համար ավելի դյուրին էր. - «Անկախ ամեն ինչից, կարծում եմ, հանձնաժողովը լուրջ ուսումնասիրություն է կատարել: Ուսումնասիրել է վերջին հինգ տարիների ընթացքում քննարկված գործարքները աշխարհի տարբեր երկրներում: Նաև` հենց հայաստանյան շուկան, կենտրոնացվածության աստիճանը, տարբեր ենթաշուկաներ ենք ուսումնասիրել... ու շուտով հանձնաժողովը իր դիրքորոշումը կհայտնի»:

Հայաստանյան օրենսդրության համաձայն, եթե նման գործարքի կողմերից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք, կամ կողմերից մեկի կամ բոլորի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը նախորդ ֆինանսական տարում գերազանցել է հանձնաժողովի սահմանած չափը, ապա ՏՄՊՊՀ-ն պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի տվյալ ընկերությունը վաճառվի։

«Թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով, որոշեցին ձեռք բերել «Վեոն Արմենիան», քանի որ ցանկանում են ընդլայնվել հեռահաղորդակցության շուկայում, իսկ արագ զարգացման համար անհրաժեշտ է ձեռք բերել որևէ ակտիվ։ Եսայանը հրաժարվեց նշել, թե որքան են վճարելու «Վեոն Արմենիա»-ի համար, բայց հավելեց, որ գնումն իրականացնելու են ամբողջությամբ վարկային միջոցների հաշվին։

Նա պատմեց իրենց ծրագրերի մասին. – «Շատ հակիրճ զարգացնել տելեկոմ ոլորտում` հիմնվելով «Վեոն Արմենիա»-ի ունեցած ինֆրաստրուկտուրայի վրա: Այսինքն` զարգացնել ինտերնետ բջջային ցանցը, 4G տեխնոլոգիան առանձին, հետո մյուս տեխնոլոգիաները, ստեղծել նոր NGN ցանց, որը հնարավորություն կտա մինչև 10 գիգաբիտ թողունակություն մինչև վերջին սպառողը`օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Եվ ստեղծել մի ցանց, որը շատ հեշտ կարդիականացվի ապագայում, այսինքն` տեխնոլոգիայից կախում չի ունենա: Որը շատ կարևոր է»:

Եսայանը շարունակեց, որ այս պահին որոշում չկա, թե ինքն ու եղբայրը՝ Ալեքսանդր Եսայանը արդյո՞ք վաճառելու են «Յուքոմ»-ում իրենց պատկանող 5,94 տոկոս բաժնեմասը։

Թե որքան է գործարքի արժեքը, այսօր «Ազատությանը» հրաժարվեց նշել նաև «Վեոն Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ պատճառաբանելով, որ առևտրային գաղտնիք է, ինչպես նաև չասաց, թե ինչու են, այնուամենայնիվ, որոշել վաճառել «Վեոն Արմենիա»-ն:

««Վեոն Արմենիա»-ն «Վեոն» խմբի մաս է հանդիսանում, և «Թիմ»-ի բանակցությունները ընթանում են մեր կենտրոնակայանի հետ, որը գտնվում է Ամստերդամում։ Մեր ընկերության քաղաքականության համաձայն, տեղերում գործող մենեջմենթը չի կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը։ Շարունակում ենք աշխատել, ինչպես աշխատում էինք», - ասաց Պյատախինը։

«Վեոն»-ի հիմնական բաժնետերը ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանն է։

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերությունն է ցանկանում գնել «Վեոն Արմենիան»։ Ընկերություններն անցած տարվա դեկտեմբերի 30-ին էին դիմել ՏՄՊՊՀ՝ թույլտվություն ստանալու համար։ Այդ գործարքը, ինչպես հայտնի է, ձախողվեց։ «Վեոն Արմենիան» մայիսի 6-ին դիմեց հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից, և մոտ երկու շաբաթ անց ՏՄՊՊՀ-ն հայտնեց, որ կարճել է դիմումի քննարկումը։

Զուգահեռ «Յուքոմ» ընկերությունում տեղի ունեցան ուշագրավ զարգացումներ։ Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ էին առաջացել «Յուքոմ» - «Վեոն Արմենիա» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ «Յուքոմ»-ի հիմնադիրներ Հայկ ու Ալեքսանդր Եսայանները ապրիլին ընկերությունից դուրս գալու դիմում գրեցին: Ի նշան բողոքի, ազատման դիմում գրեցին նաև մի քանի հարյուր աշխատակիցներ։ Եսայանների հեռանալուց հետո նոր տնօրեն նշանակվեց։

Զուգահեռաբար, «Յուքոմի» հիմնական սեփականատերերից ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ դատարանը մայիսի սկզբին կալանավորման որոշում կայացրեց։ Այդուհանդերձ, ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Խաչատրյանը թաքնվում է քննությունից և գտնվում է հետախուզման մեջ։ Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Խաչատրյաններին պատկանող ամբողջ գույքի, ընկերություններում ունեցած բաժնեմասերի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Նրանք հայտարարել են, որ պետությունը փորձում է իրենց ստիպել վաճառել հեռահաղորդակցության ոլորտում առաջատարներից մեկը համարվող ու իրենց պատկանող «Յուքոմ» ընկերությունը, որի բաժնեմասերը ևս կալանքի տակ են։ Նախկին իշխանության թիմակից Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է դեռ անցած տարվա օգոստոսից, նրա մյուս որդին՝ Արտյոմը նույնպես հետախուզվում է։

Երեկ երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ «Յուքոմ» ընկերությունը՝ պնդելով, թե պետք է արգելվի «Թիմ»-ին ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ն։ «Յուքոմ» ընկերությունը ներկայացնող Արամ Օրբելյանը այսօր «Ազատությանը» այսպես պատճառաբենց «Յուքոմ»-ի դիրքորոշումը. – «Գործարքը մոտ տարուց ավել բանակցել է հենց Յուքոմ» ընկերությունը «Վեոն» ընկերության հետ, որի ամբողջ ընթացքում ընկերությունում ղեկավար պաշտոն են զբաղեցրել այսօրվա «Թիմ» ընկերության շահառուները: Խոսքը վերաբերում է և' տնօրենին, և' տնօրենի տեղակալին, և' մի շարք այլ պաշտոնական անձանց, ովքեր հիմա «Թիմ» ընկերությունում են պաշտոններ զբաղեցնում: Եվ արդյունքում ստացվել է, որ էդ մեկ տարուց ավել կատարված հետազոտությունների, ուսումնասիրությունների, բանակցությունների արդյունքները շատ սեղմ ժամկետում իրացվում է «Թիմ» ընկերության կողմից, ինչը, մեր կարծիքով, կարող է գնահատավել անբարեխիղճ մրցակցություն»:

Հայկ Եսայանը «անհիմն» որակեց մեղադրանքը. – «Այդտեղ ընդհանրապես հիմք չկա: «Վեոն Արմենիա» ընկերությունը վաճառվում էր և դուրս եկավ գործարքից: Եթե մի բան վաճառվում էր և չի վաճառվում իքս սուբյեկտին, չի կարող իգրեկ սուբյեկտը դրա գնմամբ չզբաղվել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG