Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը ողջունում են ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակի հայտարարությունը


Հայաստանի խորհրդարանական ուժերը ողջունում են ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակի ժամեր առաջ հնչեցրած՝ «Հայոց ցեղասպանություն/Armenian Genocide» արտահայտությունը՝ նշելով, որ հատկապես ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերջերս տեղի ունեցած ճանաչումից հետո Քեյլի ՄըքԷնանի նման հայտարարությունը կարող է վկայել, որ պաշտոնական Վաշինգտոնը շարժվում է Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցում իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հույս հայտնեց, որ Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը նախադեպ կդառնա ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչների համար։

«Մինչև հիմա մենք լսել ենք «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հիմնականում ԱՄՆ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից, գիտենք, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մինչև հիմա գործադիր ճյուղի ներկայացուցիչներից այդ արտահայտությունը չէինք լսել, չնայած երևույթի նկարագրությունը մենք բազմիցս լսել ենք: Այսինքն՝ այդ առումով, կարծում եմ, այնպես չի, որ ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչները տեղյակ չեն Հայոց ցեղասպանությունից, տեղյակ են և դրա մասին խոսել են, բայց ինքնին հենց «ցեղասպանություն» բառը չեն արտաբերել մինչև հիմա, եթե չհաշվենք Ռեյգանին՝ 80-ական թվականներին: Այսօր փաստորեն ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչը «Հայոց ցեղասպանություն» բառն արտաբերեց, և կարծում եմ՝ այդ փաստը դրական է, և հույս ունեմ, որ հետագայում գոնե նաև գործադիր իշխանության ներկայացուցիչների բառապաշարում այս տերմինը կմնա և իրերը կանվանվեն այնպես, ինչպես կան», - ասաց Զոլյանը:

Սպիտակ տանը ժամեր առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում ՄըքԷնանը, խոսելով Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին, ի թիվս այլ օրինակների վկայաբերեց նաև Դենվերի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», - հայտարարեց Սպիտակ տան խոսնակը:

Անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները՝ հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ դեկտեմբերին Սենատը՝ միաձայն, ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը։ Այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից։

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով, այս պարագայում հարկավոր է հասկանալ, թե ինչ ենթատեքստում է Սպիտակ տան խոսնակը օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։

«Այո, Սպիտակ տան խոսնակի կողմից արտաբերվեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, բայց մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ գոյություն ունի կոնտեքստ: Ի՞նչ կոնտեքստի մեջ՝ խոսքը գնում էր հուշարձանների, առհասարակ այն վանդալիզմի մասին, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում, և մեզ համար շատ կարևոր է հասկանալ քաղաքական մեսիջի դրվագը, քաղաքական մեսիջի ուղերձը: Դա ուղե՞րձ էր, ես կարծում եմ, որ, ոչ, դա ուղերձ չէր, որովհետև Հայոց ցեղասպանության մասին արտաբերումը ուղղակի պետք է առաջին հերթին հնչեցվի անմիջապես վարչակազմի կողմից, որպես փաստ: Երբ որ բերվում է, արտաբերվում է հուշահամալիրի անվանումը, դա, ցավոք, առայժմ չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ներկա վարչակազմն այդ բառակապակցությունն օգտագործում է քաղաքական որոշակի գնահատականներ տալու համար», - նշեց Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «հատկանշական փաստ» անվանեց Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը։

«Չնայած այդպիսին է հուշարձանի անվանումը, բայց բոլոր դեպքերում, եթե մենք ընդունում ենք և խոսում ենք հուշարձանի մասին, նրան տալով այդ հուշարձանի իրական անվանումը, հետևաբար նաև մենք անուղղակիորեն կանգնում ենք այն իրողության առջև, որի իրական անվանումը կրում է այդ հուշարձանը: Հետևաբար սա կարևոր նշանակություն ունի այն առումով, որ պարզապես պաշտոնական ներկայացուցիչը իր խոսքերով հուշարձանն անվանեց Հայոց ցեղասպանության հուշարձան, առանց երկմտելու, որ կարող էր այլ բառեր ընտրել՝ ոճրագործություն, եղեռն, ինչպես իրենք են սովորաբար բնորոշում: Այս առումով սա նորություն էր և շատ հատկանշական փաստ», - ընդգծեց Սամսոնյանը:

XS
SM
MD
LG