Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պետավտանգության ծառայությունը հրապարակել է ԱԳՆ-ում հատուկ գործողության մանրամասները


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում

Նախօրեին, եռօրյա լռությունից հետո, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հանրությանը ներկայացրեց երկրի արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 3-ին իրականացված հատուկ գործողության մանրամասները՝ Youtube-ի իր ալիքում դիվանագիտական գերատեսչությունում իրականացված խուզարկություններն ու բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները պատկերող մի տեսանյութ հրապարակելով։

Վեց րոպեանոց այս տեսագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները ԱԳՆ մի շարք ղեկավարների անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու մեջ են կասկածում։

Պետանվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, ուրբաթօրյա գործողության ընթացքում ձերբակալվածների թվում էին արտգործնախարարության տնտեսական բլոկի ղեկավարները՝ մասնավորաբար նախարարության գործերի կառավարիչ Ֆարհադ Մոլազադեն և նրա ղեկավարած կառույցի տնտեսական բաժնի ղեկավար Սալիմ Ալիզադեն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի արտգործնախարարության հյուպատոսական վարչության ղեկավարներից մեկը՝ Նուրուփաշա Աբդուլաևը։

Դատելով Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հրապարակած տվյալներից՝ երկրի դիվանագիտական գերատեսչության ներսում ծագած կոռուպցիոն սկանդալի առանցքային դերակատարը նախարարության գործերի կառավարիչ Ֆարհադ Մոլազադեն է։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մոտիկ ընկերը հանդիսացող Մոլազադեն, որն այս պաշտոնում նշանակվել էր դեռ 16 տարի առաջ՝ 2004 թվականին, զբաղեցնում էր նաև գերատեսչության կազմում գործող մրցութային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։

Հենց այս հանձնաժողովն էր, որ ընտրում էր այն ընկերությունները, որոնք պետք է տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցեին արտաքին գործերի նախարարությանը՝ դիզայնից մինչև աղբահանություն։

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պնդմամբ, սակայն, Մոլազադեի կողմից կազմակերպված մրցույթները հիմանական ձևական բնույթ էին կրում, իսկ դրանցում հաղթած ընկերությունները մատուցած ծառայությունների դիմած ստացած միջոցների մի մասը այսպես կոչված "откат"-ի տեսքով փոխանցում էին Մոլազադեի և նրա մերձավորների բանկային հաշվեհամարներին։

Ինքը Ադրբեջանի արտգործնախարարության գործերի կառավարիչը առաջին իսկ հարցաքննության ժամանակ մանրամասնորեն պատմում էր գործող մեխանիզմների մասին՝ թվարկելով նաև այն ընկերությունները, որոնց հետ տարիներ շարունակ ուռճացված գներով պայմանագրեր են կնքվել։

Պետանվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին իրականացրած գործողության արդյունքում նաև մեկ այլ կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որի հիմնական շահառուն հյուպատոսական ծառայության աշխատակիցներն էին։ Քննչական մարմինների պնդմամբ, ԱԳՆ հյուպատոսական ծառայության ղեկավարներից մեկին՝ Նուրուփաշա Աբդուլաևին օտարերկրացիներին Ադրբեջան մուտքի վիզաներ վաճառելու մեջ են կասկածում։

Չի բացառվում, ի դեպ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը որոշակի քաղաքական հետևանքներ ունենա։ Բաքվեցի վերլուծաբաններից ոմանք կանխատեսում են, որ Պետանվտանգության ծառայության բացահայտումներն անխուսափելիորեն թուլացնելու են Ադրբեջանի պատմության ամենաերկարակյաց նախարարներից մեկի՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի դիրքերը։

XS
SM
MD
LG