Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ԱԳՆ գործերի կառավարիչը


Արտգործնախարարության շենքը Բաքվում։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր հատուկ գործողությունն է իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում, որի արդյունքում, ըստ տեղական լրատվամիջոցների, ձերբայալվել է նախարարության գործերի կառավարման վարչության պետ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ Ֆարհադ Մոլլազադեն:

62-ամյա Մոլազադեն, ով ի դեպ մասնագիտությամբ ճարտարապետ է և մի քանի տարի է` զբաղեցնում է Ադրբեջանի Ճարտարապետների միության առաջին քարտուղարի պաշտոնը, համատեղության կարգով աշխատանքի էր անցել արտգործնախարարությունում 2004-ից` ճիշտ այն ժամանակ, երբ Մամեդյարովը նշանակվել էր կառույցի ղեկավար:

Պաշտոնական աղբյուրները մինչև այս պահը մանրամասներ չեն հաղորդում հատուկ գործողության ու ձերբակալության պատճառների մասին: Պետական անվտանգության ծառայության սեղմ` մի քանի տողանոց տեղեկատվության մեջ միայն նշվում է, թե «արտգործնախարարության որոշ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց լիազորությունները, բազմաթիվ ապօրինություններ են կատարել` վնաս պատճառելով պետության ու հասարակության շահերին»:

Քննչական մարմինը հայտարարել է, թե կասկածյալների և նրանց գործողությունների մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ:

Լրատվամիջոցները մինչ այդ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե Մոլլազադեն ձերբակալվել է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Կառավարամետ պարբերականներից մեկը, մասնավորապես, մի քանի փաստաթուղթ է հրապարակել ու պնդել, թե արտգործնախարարության աշխատակազմի ղեկավարը յուրացրել է արտերկրում գտնվող դիվանագետների համար նախատեսված գումարները: Ըստ այդ փաստաթղթերից մեկի, օրինակ, Ուզբեկստանի դեսպանատան աշխատակիցներին բնակարանով ապահովելու համար բյուջեից հատկացվել է 84 հազար դոլար, հասցեատիրոջը սակայն հասել է ընդամենը 66, հազարը, իսկ 18 հազարը «անհետացել է»: Պարբերականը պնդում է, որ այս դեպքը եզակի չէ, և նման խնդրի առջև են կանգնել նաև այլ երկրներում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետները` ստիպված լինելով երբեմն կացարանի վարձը սեփական գրպանից վճարել:

Ընդ որում, ըստ հաղորդումների, Մոլլազադեն գործով անցնող միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ: Լրատվամիջոցները նշում են, թե ձերբակալվել է նաև արտգործնախարարության ֆինանսների վարչության պետ Լամիե Ջանեհմեդովան, սև ամպեր են կուտակվել փոխնախարար Նադիր Հուսեյնովի և Եվրամիության գծով վարչության պետ Էլհան Ազաևի գլխավերևում: Վերջինս ևս լրատվամիջոցները կապում են նախարար Մամեդյարովի հետ:

«2004-ին դառնալով արտգործնախարար` Մամեդյարովը նրան նշանակել էր նախ նախարարության արհմիության ղեկավար, հետո դարձրել արտակարգ և լիազոր դեսպան ու վստահել եվրոպական հարցերով վարչության համակարգումը», - գրել է հետաքննող լրագրող Ջավանշիր Հեսենլին` պնդելով, թե աշխատանքաին կապերից բացի նրանք նաև գործարար շահեր են ունեցել: - «2008-ին արտգործնախարար Մամեդյարովը հենց նույն Ազաևի հետ շինարարական բիզնես է սկսել և գրանցել «Դիպլոմատ» կոոպերատիվը` ընդամենը 25 մանաթ (մոտ 14 դոլար) կանոնադրական կապիտալով: Ընկերությունը, որ հետագայում մի շարք թանկարծեք ծրագրեր է իրականացրել Բաքվի կենտրոնում, գտնվում է արտգործնախարարության Հյուպատոսական բաժնի հանդիպակաց մայթին, պետռեգիստրում էլ որպես պաշտոնական ներկայացուցիչ նշված է Էլհան Ազաևի անունը»:

Ի դեպ, նույն լրագրողը ամիսներ առաջ նաև մեկ այլ աղմկահարույց հրապարակում էր արել արտգործնախարար Մամեդյարովի դեմ` պնդելով, թե նրա 31-ամյա որդինավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում:

Մամեդյարով կրտսերը այս տեղեկությունը չէր մեկնաբանել: Իսկ նրա հայրը դիմել էր Պետական անվտանգության ծառայություն` հորդորելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր սև քարոզչություն են իրականացնում իր դեմ:

Սակայան ծառայությունը այսօր գնացել է Մամեդյարովի մերձավորների հետևից` է'լ ավելի թեժացնելով քննարկումները արտգործնախարարի հնարավոր պաշտոնանկության շուրջ:

«Վերջին անգամ Պետական անվտանգության ծառայությունը նման գործողություն էր իրականացրել Մշակույթի նախարարությունում, ինչից հետո աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվեցին, նախարարը պաշտոնանկ արվեց», - հիշեցնում են ադրբեջանական պարբերականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG