Մատչելիության հղումներ

Ավստրիական հատուկ ծառայությունները հետաքննում են Կադիրովի ընդդիմախոսի` Վիեննայում տեղի ունեցած սպանությունը


Մամիխան Ումարով
Մամիխան Ումարով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հերթական ընդդիմախոսը Եվրոպայի կենտրոնում իրականացված ևս մեկ պատվիրված սպանության զոհ է դառնում։ Այս անգամ մարդասպանների թիրախը «Վիեննացի Անզոր» մականունով հայտնի բլոգեր Մամիխան Ումարովն էր։

Սպանությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Վիեննայի արվարձաններից մեկում՝ Գերասդորֆում գտնվող առևտրի կենտրոնի հարևանությամբ։

Չեչենների շրջանում Ումարովը հայտնի էր դարձել Youtube-ում տեղադրվող տեսահոլովակների շնորհիվ։ Դրանցում նա կոշտ քննադատության էր ենթարկում Չեչնիայի ղեկավարությանը` շատ հաճախ զերծ չմնալով անգամ Ռամզան Կադիրովի և նրա հարազատների հասցեին վիրավորանքներ հնչեցնելուց։

Ումարովն Ավստրիայում էր բնակվում 2007 թվականից, նա այստեղ քաղաքական ապաստան էր ստացել։ Կադիրովի ընդդիմախոսը եվրոպական այդ պետություն էր տեղափոխվել երկրորդ չեչենական պատերազմից հետո և մի շարք աղբյուրների համաձայն, Չեչնիայի կարճատև անկախության շրջանում աշխատել էր ինքնահռչակ հանրապետության իրավապահ համակարգում՝ մասնավորաբար Իչկերիայի անվտանգության ծառայությունում որպես քննիչ։

Ավստրիական ոստիկանությանը սպանության մեջ կասկածվող անձանց շրջանակը հաջողվեց հստակեցնել հաշված ժամերի ընթացքում։ Վիեննայում լույս տեսնող «Օստերայխ» թերթի տեղեկություններով` ոստիկանությունը գլխավոր կասկածյալին` ազգությամբ չեչեն Սարալի Ախտաևին ձերբակալել էր հարձակումից բառացիորեն երկու ժամ անց՝ Վիեննայից շուրջ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լինց քաղաքում։

Ավստրիայի հանրային հեռուստատեսության՝ ORF-ի տեղեկություններով` ոստիկանները Ախտաևին սկզբում որպես վկա էին դիտարկում, սակայն հարցաքննության ընթացքում նրա հնչեցրած հակասական ցուցմունքների պատճառով բերման ենթարկված չեչեն տղամարդու կարգավիճակը փոխվել է։ Դրանով, սակայն, ոստիկանական գործողությունները չէին ավարտվել։ Կիրակի օրն արդեն ձերբակալվեց Ումարովի սպանությանն առնչություն ունեցող երկրորդ անձը, որն ըստ մի շարք տեղեկությունների` ևս ծնունդով Չեչնիայից է, նրա անունն է Սալման Մագամադով։

Ավստրիական աղբյուրների տեղեկություններով` Մամիխան Ումարովի սպանության հետաքննությունն այս պահին էլ շարունակվում է, այն ոստիկանությունից փոխանցվել է Ավստրիայի գլխավոր հատուկ ծառայությանը՝ Սահմանադրության պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի պետական վարչությանը։

Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանեն ավստրիացի քննիչները հետևյալն է՝ արդյո՞ք բլոգերի սպանությանն առնչություն ունեն Չեչնիայի ղեկավարները, և ինչ կապեր ունեին հանգստյան օրերին ձերբակալված չեչենները Ռամզան Կադիրովի շրջապատի հետ։

Այս հարցը այնքան էլ հռետորական չէ` հաշվի առնելով, թե չեչենական սփյուռքում ծավալվող իրադարձությունները և թե Ռամզան Կադիրովի վերջին ամիսների հայտարարությունները։

Անցած տարվա նոյեմբերին, օրինակ, Չեչնիայի պաշտոնական հեռուստաալիքի՝ «Գռոզնի Թի ՎԻ»-ի եթերում Կադիրովն իշխանությունների հասցեին վիրավորական գրառումներ կատարողների դեմ ֆիզիկական հաշվեհարդարի անթաքույց կոչեր էր հնչեցնում։ «Եթե մենք նրանց չզսպենք՝ չսպանենք, չբանտարկենք, չահաբեկենք, մեր երկրում որևէ արդյունքի չենք հասնի։ Եթե անգամ աշխարհի բոլոր պետությունների բոլոր օրենքները խախտվեն, մենք մեր պատվին դիպչող որևէ մեկին հանգիստ չենք թողնելու», - հայտարարում էր Կադիրովը 2019 թվականի նոյեմբերին։

Ռամզան Կադիրովի այս ելույթից ամիսներ անց Եվրոպայում բնակվող չեչեն ակտիվիստների դեմ հարձակումների նոր ալիք սկիզբ առավ։ Հունվարին ֆրանսիական Լիլ քաղաքում սպանվեց ընդդիմադիր բլոգեր Իմրան Ալիևը։ Ֆրանսիացի ոստիկանները նրա մարմնի վրա դանակահարության 135 հետք էին հայտնաբերել։

Փետրվարի 26-ին էլ Շվեդիայում հարձակման թիրախ դարձավ համացանցում Կադիրովի հասցեին կոշտ քննադատություն հնչեցնող ևս մեկ բլոգեր՝ Թումսո Աբդուրախմանովը։ Նրան, սակայն, հաջողվեց վնասազերծել և շվեդ իրավապահներին փոխանցել հարձակվողին, որը ևս ազգությամբ չեչեն էր։

Ընդհանուր առմամբ, 2000-ականների կեսից ի վեր տարբեր տեսակի զինված հարձակումների հետևանքով Չեչնիայի ղեկավարության առնվազն 15 քաղաքական հակառակորդ է զոհվել։

XS
SM
MD
LG