Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվել են, հաղորդում է Ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):
Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստի օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ֆեդերացիայի կարգապահական և թթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:
Կարգապահական կոմիտեն, քննարկելով Հայաստանի իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց, այդ թվում՝ 45-ին ցմահ, տարբեր ժամկետներով որակազրկման մասին:
Հաշվի առնելով կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկել է առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո, ասված է հաղորդագրությունում: