Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ


Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում է երկրի Անկախության օրվա կապակցությամբ միջոցառմանը, 3-ը հուլիսի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել են երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում»:

«Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձևավորված ավանդույթները և ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ ևս, Երևանի և Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում:

Նախագահի աշխատակազմի հասարակյնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղելով Բելառուսի ազգային տոնի առթիվ՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայ և բելառուս ժողովուրդներին միացնում են դարավոր բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման սերտ կապերը: Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմանի համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG