Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ՍԴ-ին խնդրել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:


Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին նշանակել է Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման դրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննության մեկնարկը:

300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ են հայտնել Վենետիկի հանձնաժողովը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որոնց դիմել էր Սահմանադրական դատարանը:

Հենց այդ հոդվածով է «Մարտի 1»-ի գործով մեղադրվում Հայաստանի նախկին նախագահը։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո՝ հունիսի 25-ին, երկրորդ նախագահի փաստաբանները հայտարարեցին ՍԴ-ից իրենց դիմումը ետ վերցնելու մասին:

XS
SM
MD
LG