Մատչելիության հղումներ

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացել է մոտ 521 հազար, բուժվել՝ 5,7 միլիոն մարդ


Ռուսաստան - Բացօթյա սրճարան Մոսկվայի կենտրոնում, հունիս, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկու շաբաթ առաջ էր: Աշխարհի որևէ այլ երկրում օրվա կտրվածքով նման թիվ դեռ չի գրանցվել: ԱՄՆ-ում համաճարակաբաններն իշխանություններին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է միջազգային թռիչքների սահմանափակումները մինչև օգոստոսի սկիզբ: Նախկինում գործակալությունն առաջարկում էր դրանք վերսկսել հուլիսի 15-ից: Սահմանափակումները պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով: Մինչև օգոստոս արտասահմանցիների մեծ մասի մուտքը երկիր չի թույլատրվի, սահմանված է նաև ռուսաստանցիների արտասահմանյան երկրներ ճամփորդելու արգելք:

ՄԱԿ-ը խնդրում է առնվազն երեք ամսով սառեցնել աշխարհում ռազմական բախումները:

Ֆրանսիան պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին և դիմակների պաշար հավաքում:

Բրիտանիայի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հուլիսի 10-ից պատրաստվում են վերացնել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար, հիմնականում՝ եվրոպական: 14-օրյա կարանտինի կանոնակարգը երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի համար՝ հազվադեպ բացառություններով, ուժի մեջ է մտել հունիսի սկզբին` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Դա հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների բուռն քննադատությունը հարուցեց: Նրանք կոչ էին անում իշխանություններին վերացնել սահմանափակումները, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցվի տնտեսությանը:

XS
SM
MD
LG