Մատչելիության հղումներ

Գյումրիում սոցաջակցության բաժինների աշխատակիցները քաղաքացիներից պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ. ԱԱԾ


Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Համաձայն հաղորդագրության, հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով քաղաքացիներից հավաքագրած հերթական 100 հազար դրամ գումարը բաժնի պետ Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100 հազար դրամ գումարը:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նույն օրը հարցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 312.1-րդ (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով:

ԱԱԾ-ն հայտնում է, որ պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։

Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են 30 հազարից 60 հազարական դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին:

Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա 18 հազար դրամը, որից 10 հազարը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ:

Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը:

Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում:

ԱԱԾ հաղորդագրությունում նշված է, որ նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները, ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար:

Միաժամանակ հայտնվում է, որ Քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG