Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դին երկու օրվա փնտրտուքից հետո գտնվել է


Հանգուցյալի թոռ Մարիամ Մալխասյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 2-ը հուլիս, 2020թ.
Հանգուցյալի թոռ Մարիամ Մալխասյանը զրուցում է «Ազատության» լրագրողի հետ, 2-ը հուլիս, 2020թ.

Երևանի բժշկական կենտրոններից մեկում կորոնավիրուսից մահացած 82-ամյա գյումրեցի կնոջ դին երկու օրվա փնտրտուքից հետո այսօր գտնվեց։ Տարեց կնոջը այլ հանգուցյալի փոխարեն հուղարկավորել են Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Արտաշիրիմումից հետո կհանձնեն հարազատներին։ Հանգուցյալի թոռը՝ Մարիամ Մալխասյանը «Ազատությանը» պատմեց, որ տատի դին անհետացել է Աբովյանի անատոմիկից։

«Աբովյանում տատի դին չկա, ո՞նց թե չկա, գնում են Երևան, նորից հիվանդանոց, ասում են, որ «մենք ամսի 29-ի երեկոյան 6:30-ի սահմաններում տատիի դին արդեն ուղարկել ենք ընդեղ», նորից գնում են Աբովյան, ասում են՝ չկա: Կորոնավիրուսոտ դիակները եղբայրս ու իր ընկերը անձանբ, առանց ինչ-որ պաշտպանիչ հագուստի, առանց ինչ-որ մի բանի, միայն ձեռնոցներով ու դիմակներով, մի 18 դիակ իրանք անձամբ ճանաչում են կատարում, ու ոչ մեկի մեջ մեր տատը չի լինում», - պատմեց Մարիամ Մալխասյանը:

Հարազատները դիմել էին ոստիկանություն: Իրավապահները բուժհաստատությունների աշխատակիցներին էին հարցաքննել ու հարազատներին տեղեկացրել, թե ինչպես է կորել դին։

«Պարզվեց, որ հիվանդանոցի սանիտարը իջեցնում է դիակը ու բժշկի ձեռագիրը չի հասկանում, Կարապետյան Սոնիկի փոխարեն, իր խոսերով ասեմ՝ «լոգիկայով հասկացա, որ Գրիգորյան է, չգիտեինք տղամարդ էր, թե կին, մտածել ենք Սուրիկ է, բացեցինք, դին նայեցինք, տեսանք կին է, գրեցինք Սոնիկ»: Կարապետյան Սոնիկի տեղը իրանք գրել են Գրիգորյան Սոնիկ, շտապօգնության բրիգադն ի՞նչ անի, իրանց ինչ տալիս են, ինչ գրում են, իրանք էլ վերցնում, գնում են», - ասաց նա:

Մարիամ Մալխասյանը կարծում է՝ տեղի ունեցածը անփույթ աշխատանքի հետևանք է, բայց լինելով բուժաշխատողի դուստր, միևնույն ժամանակ հասկանում է, որ համավարակի օրերին բուժաշխատողները գերծանրաբեռնված են աշխատում:

Հարազատների համար, սակայն, տարօրինակ է, թե՛ պարետատան, թե՛ Առողջապահության նախարարության լռությունը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից փորձեցինք տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ: Վերջինս նշեց, որ ֆեյսբուքյան գրառմանն ավելացնելու բան չունի։

Երեկ համացանցում բարձրացած աղմուկից հետո նա իր էջում գրել էր, որ դեպքի մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Ալինա Նիկողոսյանը ևս նկատեց՝ Covid-ով հիվանդների բուժում իրականացնող հիվանդանոցներում բուժաշխատողները ամիսներ շարունակ գերծանրաբեռնված են աշխատում, և մարդկային սխալները բացառել հնարավոր չէ:

«Բուժաշխատողներն առաջին օրվանից ծանրաբեռնված են մինչև այս պահը: Քանի դեպքերը շատ են, բնականաբար, բուժաշխատողներն էլ նույն ծանրաբեռնվածությամբ շարունակելու են աշխատել», - ասաց ԱՆ խոսնակը:

Գյումրեցի կինը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քանի որ նախաքննություն է ընթանում, մեկնաբանություններից զերծ կմնան։

Օրեր առաջ լրագրող Գրիշա Բալասանյանն էր Ֆեյսբուքում գրել, որ կորցրել է կորոնավիրուսով վարակված իր հարազատներից մեկին։ 64-ամյա ազգականի հուղարկավորությանը մասնակցած լրագրողն ասում է՝ այն ինչ տեսել է, ուղղակի սարսափելի էր:

«Այն, որ հարազատները չէին տեսնում մահացած իրենց մերձավորի դիակը, դա արդեն շոկ ու սթրես էր առաջացնում իրենց մոտ և նույնիսկ, մտովի, ներքուստ, երբեմն նաև բարձրաձայնում էին՝ կասկած ունեին, որ գուցե իրենց հարազատը չի, գուցե շփոթվել են, իրենց հարազատը ողջ է, դեռ հիվանդանոցում է, ծանր վիճակում է և այլն: Այսինքն հոգեբանական տեսանկյունից սա սթրես և շոկ առաջացնող էր, որովհետև իրենք տեսնում էին միայն դագաղ և ուրիշ ոչ մի բան», - ընդգծեց լրագրողը:

Բալասանյանը կարծում է՝ որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իրենց հարազատին են հուղարկավորում, դագաղի վերևի հատվածը թեկուզ փակված, բայց տեսանելի պետք է լինի:

«Դեմքի հատվածը գունե ապակեպատ լինի, էլի, հերմետիկ փակված, որ գոնե այդ կարգով նախ հարազատները վստահ լինեն, որ իրենց հարազատին են հողին հանձնում, և գոնե այդ տարբերակով կարողանան հանգիստ հրաժեշտ տան իրենց մերձավորին», - նշեց Գրիշա Բալասանյանը:

Լրագրողն ասում է՝ չի բացառվում, որ որոշ ժամանակ անց իրենց հարազատին կորցրած մարդիկ հոգեկան խնդիրներ ձեռք բերեն, հետևաբար այդ մասին այսօրվանից է պետք մտածել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG