Մատչելիության հղումներ

Դատախազությունը ստանձնել է պետությունից գողացված հարստությունն օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը. Արթուր Դավթյան


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում Դատախազությունը բացառիկ կարևոր դերակատարում է ստանձնել և այսօր էլ լիարժեք պատասխանատվություն է վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Այս մասին ասված է Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանի դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձում:

«Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին և օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որևէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում Դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը և ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար», - Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշված է ուղերձում:

«Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որևէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որևէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որևէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը», - ընդգծում է գլխավոր դատախազը՝ շարունակելով. - «Նույնպիսի հետևողականությամբ մենք չենք հանդուրժելու նաև մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որևէ դրսևորում, որովհետև առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը»։

«Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, և այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված», - հայտարարում է Արթուր Դավթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG