Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավոր․ Նախագահի կողմից «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները չստորագրելը «անակնկալ էր»


Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյան («Իմ քայլը»)
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյան («Իմ քայլը»)

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը («Իմ քայլը») տեղեկություն չունի, թե արդյոք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չստորագրելու մասին հայտարարած նախագահը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

Գաբրիելյանը պնդեց, թե չդիմելու մասին պայմանավորվածություն չունեն:

«Դեռ մոտ քսան օր ժամանակ ունի Հանրապետության նախագահը, գուցե մտքափոխվում է, գուցե դիմում է Սահմանադրական դատարան: Չեմ կարող իր փոխարեն պատասխանել: Առնվազն խմբակցության մակարդակով որևէ քննարկում, պայմանավորվածություն [նախագահ Սարգսյանի հետ] չի եղել», - ասաց պատգամավորը։

Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով: Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը:

Նախագահականը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը չի ստորագրելու, բայց չի հստակեցրել դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: «Ազատությանը» նախագահի գրասենյակից հենց այս հարցը փորձեց ճշտել, նաեւ՝ ինչո՞ւ նախագահը որոշեց չստորագրել օրենքները, արդյո՞ք վիճահարույց է համարում գործընթացը, թե՞ այլ պատճառ կա։ Գրավոր հարցմանը նախագահի աշխատակազմից միայն պատասխանել են, որ լրացուցիչ մեկնաբանություն չունեն:

Իշխանությունը պնդում է, որ եթե Արմեն Սարգսյանը չստորագրի օրենքները ու չդիմի ՍԴ, Արարատ Միրզոյանը կստորագրի ու կհրապարակի և դրանք այդպես էլ կմտնեն ուժի մեջ։

Սիսակ Գաբրիելյանը չթաքցրեց, որ նախագահի չստորագրելու որոշումը իրենց համար անակնկալ էր. – «Կսպասենք: Եթե այդ ժամկետը կլրանա, և Հանրապետության նախագահը չի ստորագրի և չի դիմի Սահմանադրական դատարան, բնականաբար, Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կիրականացնի իր գործառույթը: Բնականաբար, եթե մի բանը պայմանավորված չէ և տեղի է ունենում, ինքը, ըստ էության, ականկնալ է»:

Իշխանություւնը պնդում է, թե անկախ երեկվա ընդունված փաթեթից, Սահմանադրության փոփոխություններն արդեն ուժի մեջ են. 12 տարուց ավելի պաշտոնավարած Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրանտ Նազարյանը ՍԴ դատավորներ չեն, Հրայր Թովմասյանն էլ՝ նախագահ։

Սիսակ Գաբրիելյանը հաշվարկել է՝ ՍԴ նոր դատավորները արդեն աշնանը կընտրվեն․ - «Սահմանադրության փոփոխությունների ուժով արդեն երեք դատավորների պաշտոնավարումը դադարեցվել է, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն են, որպես նախագահ, դադարել։ Երեկվա փոփոխությունները պարզապես սահմանում էին թափուր տեղերի առաջադրման ընթացակարգը` որ սուբյեկտները հերթականությամբ ինչպես պետք է առաջադրեն, ինչ ժամկետում պետք է առաջադրեն, ինչպես նաև պաշտոնաթող դատավորների թոշակի անցման ընթացակարգը։ Այսինքն էստեղ որևէ խնդիր չեմ տեսնում․ եթե, օրինակ, 21 օր հետո ուժի մեջ մտնի այդ օրենքը։ Ոչ թե պետք է ընտրեին երկու ամսում, այլ երկամսյա ժամկետում դեռ նոր թեկնածուներ պետք է առաջադրեին»:

«Ազատության» հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ մինչև սեպտեմբեր տեղի չի ունենա ՍԴ դատավորների ընտրությունը, Գաբրիելյանն արձագանքեց. – «Ամենայն հավանականությամբ, այո: Որովհետև ժամկետներն այս պահին այդպես են հուշում»:

Արմեն Սարգսյանը 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնող, ՍԴ նախագահին էլ պաշտոնանկ անող Սահմանադրության վերջին փոփոխությունները չստորագրեց, փոխարենը հավանության արժանացրեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունը, որով խորհրդարանում ընդունված Մայր օրենքի փոփոխությունները առանց նախագահի ստորագրության են մտնում ուժի մեջ։ Դրանից հետո Արմեն Սարգսյանը հայտնվեց իշխանության նախաձեռնությունները վիճահարույց ու հակասահմանադրական համարողների քննադատության թիրախում։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ նախագահի երեկվա որոշումը իր նախկին քայլերի տրամաբանական շարունակությունն է․ - «Ամբողջ գործընթացները հակասահմանադրական են։ Բայց էդ հակասահմանադրական գործընթացներին իր կանաչ լույսը տվեց նաև նախագահ Սարգսյանը՝ համաձայնվելով զրկել նախագահի ինստիտուտը սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և/կամ Սահմանադրական դատարան ուղարկելու լիազորությունից, նաև իր համաձայնությունը տալով մեծամասնությանը՝ քաղաքական չեզոքությունը խախտելով, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելով»։

Սիսակ Գաբրիելյան․ - «Մենք հակասահմանադրականության խնդիր չենք տեսնում։ Եթե մյուս ուժերը տեսնում են, իրենց իրավունքն է։ Եթե կարծում են, որ կա սահմանադրականության հետ խնդիր, կարող են դիմել և վիճարկել»։

«Բարգավաճ Հայաստանի» դիմումին չմիացած «Լուսավոր Հայաստանը» հայտարարում է իրենց ծրագրերը ՍԴ դիմելու հարցով չեն փոխվել, դիմումի վրա աշխատում են: Վիճահարույց են համարում Սահմանադրության փոփոխությունները երկրորդ ընթերցումից առաջ ՍԴ չուղարկելը, ինչպես նաև կանոնակարգի վերջին փոփոխությունները։

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ չեն քննարկել, թե արդյոք կորոշեն երեկվա փոփոխությունները ևս ՍԴ-ում ուսումնասիրության առարկա դարձնել։ ՍԴ դիմելու համար առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ, առանձին-առանձին ընդդիմադիր խմբակցությունները այդքան պատգամավոր չունեն։

XS
SM
MD
LG