Մատչելիության հղումներ

Ճապոնիան Հայաստանին 400 մլն իեն կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար


Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադա, արխիվ
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադա, արխիվ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան երեկ ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար:

Հայտագրերի փոխանակումը Հայաստանին ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է: Այս ծրագրի միջոցով Ճապոնիայի կառավարությունը 400 միլիոն ճապոնական իեն (մոտ 3.7 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:

Ճապոնիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում՝ խթանելով միջինից երկարաժամկետ առողջապահական և բժշկական համակարգը: «ՄՌՏ համակարգի վերջին սերունդը և այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և փրկելով մարդկանց կյանքերը», - ասված է հաղորդագրությունում:

«Ճապոնիայի կառավարության անունից ես կցանկանայի ընդգծել այս ծրագրի խիստ կարևորությունն ու արդիականությունը, մասնավորապես հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում COVID-19 համաճարակի ներկա իրավիճակը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը», - հայտարարել է դեսպան Յամադան:

Հայաստանի առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը մասնավորապես նշել է. - «Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական օժանդակությունը, որը Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ սիրով ցուցաբերել է Հայաստանին՝ առողջապահական կարողությունները բարձրացնելու համար: Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումները, մեքենաները և այլ բժշկական ապրանքներ վաղուց հայտնի են մեր երկրում»:

Թորոսյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի ժողովրդին, կառավարությանը, բոլոր ճապոնական գործընկերներին և ընկերներին` «իրենց բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանին առատաձեռն աջակցությանը համաճարակի դեմ պայքարում և դրանից դուրս»:

XS
SM
MD
LG