Մատչելիության հղումներ

Վրաստանում 2020-ի առաջին հինգ ամիսներին տնտեսական անկումը գերազանցել է 5 տոկոսը


Վրաստան - Թբիլիսիի շուկաներից մեկում, մայիս, 2020թ.
Վրաստան - Թբիլիսիի շուկաներից մեկում, մայիս, 2020թ.

Շուրջ երկու ամիս շարունակված լոքդաունից հետո Վրաստանի կառավարությունն ամփոփում է երկրի տնտեսության հիմնական ցուցանիշները՝ փորձելով ի մի բերել կրած կորուստները։

Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի` GeoStat-ի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն նախօրեին Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պնդում էր, որ 2020 թվականի առաջին հինգ ամիսներին երկրում տնտեսական անկման ծավալները գերազանցել են 5 տոկոսը։

«Մեր կողմից հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մայիս ամսին 2019 թվականի նույն ամսվա համեմատ համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը որոշակիորեն նվազել են, և երկրում 13,5 տոկոսի տնտեսական անկում է արձանագրվել։ Տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով անկումը կազմել է 5,4 տոկոս», - հայտարարում էր Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի ղեկավարը։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, ըստ Թոդրաձեի, անկում է արձանագրվել Վրաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:

«Առկա միտումը հետևյալն է՝ անկում է արձանագրվել տնտեսության գործնականում բոլոր հատվածներում։ Ամենազգալի անկումը մենք արձանագրել ենք շինարարության, առևտրի, տրանսպորտի ոլորտներում, հյուրանոցային և ռեստորանային սեկտորներում, անշարժ գույքի շուկայում, նաև մշակույթի և տուրիզմի ասպարեզներում», - հայտարարում էր GeoStat-ի ղեկավար Գոգիտա Թոդրաձն։ Որպես հետևանք, ըստ վրաց պաշտոնյայի, կտրուկ կերպով նվազել են նաև արտաքին առևտրի ծավալները։

«Արտահանման ծավալները երկրում նվազել են 30, իսկ ներմուծման ցուցանիշները՝ 35 տոկոսով։ Զգալիորեն նվազել են նաև մանրածախ առևտրի ծավալները, ինչին նպաստել է նաև զբոսաշրջիկների թվի կրճատում», - նշում էր Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի ղեկավարը։

Այսպիսով, Վրաստանի կառավարությունը երեկ արձանագրեց, որ երկրի տնտեսությունը երրորդ ամիսն անընդմեջ անկում է ապրում։

Մարտին, երբ Վրաստանում արտակարգ դրություն հաստատվեց և խիստ կարանտինային միջոցառումներ սահմանվեցին, տնտեսական անկման ցուցանիշը 2,7 տոկոս է կազմել։ Ապրիլին արդեն ՀՆԱ-ի անկումը Վրաստանում կազմել է 16,6 տոկոս։

XS
SM
MD
LG