Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է՝ չքաղաքականացնել կորոնավիրուսը, և աշխարհի երկրներին կոչ է անում համախմբվել համավարակի դեմ պայքարում, որի տարածումն արագորեն աճում է՝ օրական գրանցելով ռեկորդային բարձր թվեր։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե COVID-19-ը քաղաքականացնելը տարաձայնություններ է առաջացնում երկրների միջև և ազդում ամբողջ աշխահում համավարակի տարածումը կանխելու արդյունավետության վրա։ Նա աշխարհի երկրներին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել՝ զսպելու կորոնավիրուսի ռեկորդային աճը ամբողջ աշխարհում:
«Մենք կարիք ունենք ազգային միասնության, միասնության երկրների մակարդակով, միասնության քաղաքական կուսակցությունների միջև, գաղափարախոսության, հավատքի, ռասաների, ցանկացած տարբերությունների միասնության։ Խնդրում ենք՝ խուսափեք որևէ տարաձայնությունից, ցանկացած բաժանարարություն նպաստում է վիրուսի տարածմանը, որի դեմ մենք պետք է համերաշխ պայքարենք», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։