Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Ձեր հմուտ ղեկավարմամբ բարեկամ Թուրքմենստանի կողմից արձանագրվող հաջողություններն ու ձեռքբերումները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը, նոր որակ հաղորդել հայ-թուրքմենական բարեկամական հարաբերություններին ամենատարբեր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա»:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ համագործակցությունն ապագայում ևս կշարունակի ամրապնդվել հայ-թուրքմենական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ հիմնվելով բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա:
Թուրքմենստանի նախագահն այսօր դարձավ 63 տարեկան: