Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը «շարունակելու է հակակշռել»


Կա Սահմանադրական դատարանի վճիռ, որով մերժվել է 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ դիմելը, երբ 131 պատգամավոր էր Ազգային ժողովում: Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնալով ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության բոլոր 25 պատգամավորների և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ՍԴ դիմելու փաստին:

«Այսինքն, մենք նախադեպ ունենք, երբ 26 պատգամավորով փորձել են դիմել Սահմանադրական դատարան, այդ վճիռը կարող ենք նույնիսկ հրապարակել, ես կարծում եմ՝ առնվազն Սահմանադրական դատարանի դատավորները էդ վճիռը ունեն իրենց ձեռքի տակ, և ժամանակին մերժվել է, այսինքն՝ էստեղ հենց նույն Սահմանադրական դատարանը մերժել է 26 հոգու ստորագրությամբ դիմումը ընդունելը», - ասաց Գորգիսյանը՝ շարունակելով. - «Եվ սա կրկին, կապ չունի՝ ով է խախտում Սահմանադրությունը, կապ չունի՝ ով է փորձում Սահմանադրությունը մեկնաբանել ի շահ իրեն, ի շահ իր թիմի, և այլն, «Լուսավոր Հայաստան»-ը այդ ամենի դեմ է լինելու: Եվ էս պարագայում էլ, ես կարծում եմ, ուղղակի, այո, մեր գործընկերները «Բարգավաճ Հայաստան»-ից կարող էին փորձել, բայց ճիշտ կլիներ, որպեսզի Սահմանադրական դատարանը պահպաներ Սահմանադրությունը, և, չեմ կարող ասել, դա արդեն ես չեմ կարող մեկնաբանել Սահմանադրական դատարանի վճիռները, ես ուղղակի կարող եմ ասել, որ կա նախադեպ, երբ 26 հոգու դիմումը Սահմանադրական դատարանը մերժել է»:

Հիշեցնենք, անցած շաբաթավերջին ԲՀԿ-ն դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հրայրը Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, և բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները, որոնք են, ըստ փոփոխությունները նախաձեռնած «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավորների և Կառավարության, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը չմիացավ «Բարգավաճ Հայաստան»-ին՝ հայտարարելով, որ ՍԴ կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

«Ինչ վերաբերում է ընդդիմությանը, այստեղ իրոք շատ կարևոր է, և մենք որևէ հետքայլ չունենք անելու, մենք հասկանում ենք իրոք այն կարևոր առաքելությունը, որ մեր ուսերին այսօր դրված է, և մենք շարունակելու ենք հակակշռել», - ասաց Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր «տարբեր քաղաքական թիմեր պայքարում են զուտ անձնական շահերից ելնելով՝ այստեղ բոլորը մոռացել են երկրի շահը, բոլորը մոռացել են Սահմանադրությունը, բոլորը մոռացել են ժողովրդավարական ինստիտուտների դերը, դրանց զարգացման հեռանկարները», «հները պայքարում են իրենց՝ քաղաքական դաշտում ինչ-որ ձև վերածնվելու համար, իրենց կապիտալների անձեռնմխելիության համար, նորերը պայքարում են հների դեմ՝ փորձելով ամեն ինչ, ամեն իրենց ձախողում բարդել հների վրա և հներին որպես դև ներկայացնելով քաղաքացիներին՝ ինչ-որ կերպ արդարացնել իրենց բոլոր ձախողումները, որ այս երկու տարվա ընթացքում ունեն»:

«Եվ այս պայքարում «Լուսավոր Հայաստան»-ը կարող է ընդամենը մատնանշել և՛ հների, և՛ նորերի բոլոր թերացումներն ու սխալները, որոնք նրանք գործում են, և բերել առաջարկներ, բերել տեսլականներ, որով մենք պատրաստվում ենք հաջորդ իշխանությունը լինելու օրվանից սկսած կառուցել և բարեփոխել մեր երկիրը դեպի այն պայծառ, լուսավոր Հայաստանը, որը մենք տեսնում ենք և ուզում ենք կառուցել: Այլ տարբերակ ես ուղղակի չեմ տեսնում», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG