Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել


Ուրբաթ օրվանից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Հրայրը Թովմասյանը պետք է լքի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը, 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռանան ՍԴ անդամների պաշտոններից։ Այդուհանդերձ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն «Ազատությանն» ասել էր՝ բարձր դատարանի նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը:

Ալվինա Գյուլումյանն էլ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հիշեցրեց, որ ինքը երկրորդ անգամ սկսել է պաշտոնավարել 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, և դեռևս իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել, հետևաբար այս փոփոխությունն իրեն չի վերաբերում:

Հարցին, թե ընդունելո՞ւ է տարիքով ավագին` Աշոտ Խաչատրյանին` որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, նա պատասխանեց. - «Եթե կլինեն օրենսդրական փոփոխություններ, իհարկե կընդունեմ, ինչի՞ մասին է խոսքը: Ես ժամանակին էլ ասել եմ` եթե կփոխվի Սահմանադրությունը»:

Ալվինա Գյուլումյանի խոսքով` առաջացած այս խնդիրը Ազգային ժողովը պետք է լուծի` Սահմանադրական դատարանի մասին օրենքում համապատասխան փոփոխությամբ: «Հետո արդեն կախված այդ փոփոխությունից` հետագա գործողությունները պարզ կլինեն», - նկատեց նա:

Վերջինս, խոսելով տարբեր հայտարարությունների մասին, թե Սահմանադրական դատարանը սպասարկում է նախկին իշխանությունների շահերը, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, շեշտեց. - «Այսօրվա գործող Սահմանադրական դատարնում, նաև այս երեքս, որոնց հարցը այսպես դրված է, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Եթե նշանակումն եք համարում պարտավորվածություն, որևէ մեկը երկրորդ նախագահի կողմից չի նշանակվել: Այսօր դատական իշխանությունում և մյուս մարմիններում աշխատում են մարդիկ, որոնք ստացել են պետական պարգևներ, որոնք իրենց հարազատներին բարեհաջող տեղավորել են, իմ պարագայում որքան էլ որ մեծ է եղել դատական իշխանության առումով իմ ծառայությունը, ես որևէ պետական պարգև որևէ նախագահից չեմ ստացել: Իմ ամուսինը Արտաքին գործերի նախարարության հիմնադիրներից մեկն է, լավագույն դիվանագետներից մեկը: Եթե ես այդ իշխանությունների համար սիրելի էի, կատարում էի նրանց բոլոր հանձնարարությունները, ի՞նչ է` ինձ համար դժվար էր իմ ամուսնու համար խնդրել, որ որևէ երկրում դեսպան նշանակվեր: Շատ նշանակված դեսպաններից ավելի արժանի է, բայց իմ մտքով անգամ չի անցել որ ես` որպես դատավորի հանկարծ իմ անաչառությունը որևէ ձևով կասկածի ենթարկեմ և որևէ իշխանավորի որևէ բան խնդրեմ: Եվ այսօր դրա հետ կապել առնվազն անբարոյականություն է նման գնահատական տալը»:

Նա շեշտեց` չի գնալու ՍԴ շենքի մոտ ոստիկանի հետ պայքարելու, բայց պնդում է` իր լիազորությունները դադարեցված չեն կարող համարվել, ինքը դատական ատյաններով է պաշտպանելու իր իրավունքները, այդ թվում` եթե անհրաժեշտություն լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Պայքարելու եմ իմ իրավունքների համար, ինչպես որ ընդունված է՝ դատական կարգով»

Ալվինա Գյուլումյան. - Կներեք, բայց չորս ժամվա ընթացքում, դա աշխարհում երևի ռեկորդ է, սահմանադրական փոփոխություն են կատարում և ասում են, որ «պարոնայք, տիկնայք դատավորներ, դուք վաղվանից այլևս աշխատանքի չեք»: Սա ուղղակի մարդկային տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում, թե ինչպես կարելի է: Եվ այն դեպքում, երբ որ իրենց վկայակոչած, այսպես ասած, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը հավանություն է տվել գաղափարին՝ ընդամենը գաղափարին է հավանություն տվել, ասում էր գոնե, այսպես ասած, անցումային շրջանի անհրաժեշտության մասին: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ՝ որպեսզի, ասենք, թե, մարդը կենսաթոշակային տարիքի չի հասել և պետք է իր համար նոր աշխատանքի փնտրտուքով զբաղվի՝ նրան մի փոքր ժամանակ գոնե պե՞տք է տրվեր: Ես սա ասում եմ զուտ մարդկային կողմը, չեմ ասում իրավական կողմը: Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները ընդհանրապես հիմքից ճիշտ չեն:

Բնականաբար, ես չեմ գնալու դատարանի առջև նստեմ, ասեմ՝ ոչ, ես այստեղ նստած եմ, ոչ էլ իմ աշխատասենյակում: Ես ասում եմ և հայտարարում եմ ի լուր ամենքի, որ իմ լիազորությունները չեն կարող դադարեցված համարել: Արդեն պատճառաբանությունները բերեցի, թե ինչու չեն կարող դադարեցված համարել: Դրանից հետո, բնականաբար, ես ոչ գնալու եմ ոստիկանի հետ պայքարեմ շենք մտնելու համար...

«Ազատություն». - Բա ի՞նչ եք անելու:

Գյուլումյան. - ... ես ոչ գնալու եմ ասեմ՝ այ, ես եկել եմ դատական նիստին մասնակցելու համար, ես ասում եմ, որ ես, իմ լիազորությունները դադարեցված համարվել չեն կարող, ես գնալու եմ և պայքարելու եմ իմ իրավունքների համար, ինչպես որ ընդունված է՝ դատական կարգով, եթե կլինի որոշակիորեն գործողություններ, այդ գործողությունները գանգատարկելու, դատական պաշտպանության դիմելու, եթե չի լինի և զուտ այսպես կլինի, ինչպես իրենք են ասում՝ միայն սահմանադրական փոփոխություններով, ապա՝ անմիջականորեն Եվրոպական դատարան դիմելով: Սրանք են ճանապարհները: Ես չեմ պատրաստվում կռվել և ասել՝ ոչ, ես եկել եմ դատական նիստին մասնակցեմ, քավ լիցի, ես այդ մարդը չեմ, և իմ անցած ուղին դա ինձ թույլ չի տալիս, որպեսզի ես գնամ, այսպես, առճակատման այդ ձևով:

Եվրոպական դատարան դիմելը որևէ մեկի համար սպառնալիք չէ, այլ ընդամենը տվյալ անձի համար իր իրավական պաշտպանության միջոց է, իր դատական պաշտպանության միջոց է հանդիսանում: Փառք Աստծո, մեզ այդ միջազգային ատյանին դիմելու հնարավորությունը նույնպես տրվել է: Այլապես այսօրվա իշխանության ամենաբարձրագույն դեմքերից և ամենաբարձրագույնը Եվրոպական դիմում ունի՝ ո՞ւմ է նա սպառնում: Ես այդ աբսուրդը ընսհանրապես չհասկացա՝ ինչպես կարելի է ասել՝ «թող մեզ Եվրոպական դատարանով չսպառնան»: Բայց ես չեմ սպառնում, մենք ընդամենը ասում ենք, որ մենք դիմելու ենք Եվրոպական դատարան, որտեղ արդեն գոյություն ունի նախադեպ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG