Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է մեկնել Ռուսաստան՝ իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերություններին և գլոբալ օրակարգին նվիրված մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռավար բանակցություններից մեկ օր անց՝ չհստակեցնելով, սակայն, սպասվող այցի ժամկետները։
«Փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված երկխոսությունը, որ մեկնարկել էր Բրեգանսոնի ամրոցում կայացած բանակցությունների ժամանակ, շարունակվում է», - Twitter-ում գրել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի պնդմամբ` առաջիկա բանակցությունների օրակարգը հագեցած է լինելու՝ Եվրոպայում անվտանգության ապահովումից և տարածաշրջանային հակամարտություններից մինչև կլիմայական փոփոխություններ։