Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Առինջ համայնքը զրկվել է շուրջ 3 միլիարդ 900 միլիոն դրամի չափով եկամտից


Բացահայտվել է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Ըստ հաղորդագրության` ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց առաջարկությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` պայմաններ է ստեղծել Առինջում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ:

Դրական կարծիքների հիման վրա վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2017թ. փետրվարի 12-ի N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության և այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետևանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3 միլիարդ 967 միլիոն 548 հազար դրամից դառնալով 25 միլիոն 340 հազար դրամ ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով:

Այնուհետև, ըստ ԱԱԾ-ի, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել և անցկացրել է համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29 միլիոն 284 հազար 157 դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 2019թ. օգոստոսի 26-ի N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը:

Նման ապօրինի գործողությունների հետևանքով, ինչպես հայտնում է ԱԱԾ-ն, Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիարդ 938 միլիոն 263 հազար 843 դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG