Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ ԱԺ նախագահն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։

«Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն` ժամը 00.01-ից», - գրառման մեջ նշել է Փաշինյանը։

Այսօր ՍԴ վերոնշյալ 4 անդամները հայտարարությամբ իշխող ուժի ներկայացուցիչներին հորդորել էին «դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից»։ Մասնավորապես, նշել էին, որ դա արձագանքն է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարությանը:

Սրան հաջորդել է նախարար Բադասյանի ևս մեկ պատասխանը. «Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ ուրբաթ ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Բարձր դատարանի կազմում գործող Սահմանադրությամբ ընտրված է 2 դատավոր` Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը:

XS
SM
MD
LG