Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Ոստիկանության պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


ԱԱԾ-ում հարուցված և ՀՔԾ-ում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես, բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը) նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո:

Արդյունքում, ըստ ՀՔԾ-ի, այս պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար:

Այս հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին ), իսկ Հակոբ Հակոբյանին` 308-րդ (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին ) և 314-րդ հոդվածների 1-ին մասերով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG