Մատչելիության հղումներ

«Մեծագույն սպառնալիքը ոչ թե վիրուսն է, այլ գլոբալ համերաշխության պակասը»


Կորոնավիրուսի ստուգում Պակիստանում, Կարաչի, 23 հունիսի, 2020թ.

Նոր կորոնավիրուսի ախտահարումների թիվը գերազանցել է 9 միլիոն 200 հազարը, զոհերի թիվը մոտենում է 480 հազարին, բայց շատ մեծ է ապաքինված մարդկանց թիվը՝ մոտ 5 միլիոն հիվանդ բուժվել է։

Մտահոգում է վարակի տարածման տեմպը, միայն հունիսի 21-ին ախտահարվել է ավելի քան 183 հազար մարդ։

Երեկ այդ մասին խոսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Գլոբալ առումով համավարակը դեռ արագանում է, ավելի քան երեք ամիս է պահանջվել, որ գրանցվի մեկ միլիոն ախտահարում, վերջին միլիոնը գրանցվել է ընդամենը ութ օրում։ Բայց մենք գիտենք, որ համավարակն ավելին է, քան առողջապահական ճգնաժամ, այն նաև տնտեսական, սոցիալական ճգնաժամ է, իսկ շատ երկրներում նաև քաղաքական ճգնաժամ է», - ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա փոխանցմամբ, հաջորդ մեծ մարտահրավերն է COVID-19-ով ծանր հիվանդների մահացությունը կրճատող դեռևս միակ դեղամիջոցի՝ դեքսամետազոնի արտադրության և մատակարարման արագացումը։

Ակնհայտ է, որ համավարակի տարածումը նոր թափ է ստացել որոշ այն երկրներում, որտեղ իշխանությունը թուլացրել է կարանտինի ռեժիմը։

Դա նկատելի է նաև Միացյալ Նահանգներում, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առիթներով նշել է, թե Ամերիկայում ախտահարումների թվի աճը կապված է ստուգումների աննախադեպ ծավալով և մեկ անգամ էլ ասել է, որ եթե ստուգումներ չանցկացվեն՝ նոր դեպքեր էլ չեն լինի։

Արդյո՞ք նախագահը կարգադրել է նվազեցնել օրական ստուգումների թիվը։ Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄքԷնանին միանշանակ հերքել է այդ տարբերակը․ - «Ոչ, նախագահը նման բան չի կարգադրել։ Ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակում ենք օրական գրեթե կես միլիոն ստուգում իրականացնել, մեկ միլիարդ 800 միլիոն դոլար է հատկացվել Առողջապահության ազգային ինստիտուտին թեստերի նոր համակարգ ֆինանսավորելու համար։ Որևէ պնդում, թե ստուգումների թիվը կրճատվում է, իրականությանը չի համապատասխանում»։

Նախագահը ստուգումները կրճատելու կարգադրության մասին խոսել է Օքլահոմայում նախընտրական հանդիպման ժամանակ։

Խոսնակ Քեյլի ՄքԷնանին պնդում է, որ Թրամփը կատակով է խոսել այդ մասին։

Սպիտակ տանը շարունակում է զայրացնել Չինաստանի գործոնը․ Թրամփն այս ամիսների ընթացքում պարբերաբար օգտագործել է «չինական վիրուս» եզրույթը, ինչը քննադատել են ոչ միայն Պեկինում, այլև Վաշինգթոնում։

Օքլահոմայում Թրամփը վիրուսը նկարագրելու համար կիրառել է նոր տերմին՝ «քունգ-ֆու»։ Արդյո՞ք նա այդ խոսքով ռասիստական ակնարկ չի անում։

«Ոչ, չի անում։ Նախագահը նկատել է տալիս, որ վիրուսի ծագման վայրը Չինաստանն է։ Ծիծաղելի է, բայց Չինաստանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը, կորոնավիրուսի համար մեղադրել ամերիկացի զինծառայողներին։ Նախագահ Թրամփն ասում է՝ ո՛չ, Չինաստան, ես վիրուսն անվանելու համար կօգտագործեմ դրա ծագման վայրը», - ասել է ՄքԷնանը։

Ամերիկան կորոնավիրուսից աշխարհում ամենատուժած երկիրն է․ COVID-19 հիվանդության զոհ է դարձել ավելի քան 120 հազար մարդ։

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոթն ասել է, որ վարակը վտանգավոր արագությամբ է տարածվում, և դա պետք է զսպել, կան դրան ուղղված ծրագրեր, որոնք չեն պահանջի կարանտինի վերականգնում, թեպետ դա էլ չի բացառվում որպես ամենավերջին միջոց։

«Նախևառաջ անհրաժեշտ է, որ բոլոր տեխասցիները հետևեն անվտանգության ընթացակարգին, որը մենք բոլորս սովորել ենք․ եթե հնարավոր է՝ մնալ տանը, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունն, իսկ եթե դա անհնարին է, ապա դիմակ կրել կամ դեմքը ծածկել», - ասել է նահանգապետը։

Միջազգային գիտական համայնքը զօրուգիշեր աշխատում է պատվաստանյութ և դեղամիջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Կան հուսադրող նորություններ, սակայն դա ժամանակ է պահանջում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում մոլորակը պետք է միավորվի։

«Հիմա մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե բուն վիրուսն է, այլ համաշխարհային համերաշխության և առաջնորդության պակասը։ Մենք չենք կարող պառակտված աշխարհով հաղթել այս համավարակը։ Մենք միասին պետք է դասեր քաղենք համավարակից, որ աշխարհն այլևս երբեք անպատրաստ վիճակում չհայտնվի», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG