Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ


Բուժաշխատող ռուսաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ
Բուժաշխատող ռուսաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 9,1 միլիոնին, մահացել է շուրջ 472 հազար, բուժվել՝ 4,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Կորոնավիրուսի տարածման հիմնական էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկան է, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում և Պակիստանում:

Հարավային Կորեայում նոր դեպքեր են գրանցվում, նոր բռնկման պայմաններում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կրկին սկսել են կիրառել որոշ սահմանափակումներ:

Միացյալ Նահանգներում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, Բրազիլիայում՝ 51 հազարը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստացած է համաճարակի ֆոնին աճող գործազրկությամբ: Նա մտադիր է կասեցնել մի շարք աշխատանքային վիզաների տրամադրումը՝ ներառյալ բարձր որակավորում ունեցողների համար: Դա արվելու է ներգաղթը սահմանափակելու և երկրում տեղական զբաղվածությունը խթանելու միջոցառումների շրջանակներում, հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ Թրամփը կերկարաձգի նաև այս տարվա ապրիլին ստորագրված փաստաթղթի ժամկետը, որը ժամանակավորապես սահմանափակում է ԱՄՆ-ում որոշ օտարերկրացիների մշտական բնակության իրավունքը:

Ղրղըզստանում COVID-19 է ախտորոշվել մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի, մի քանի պատգամավորների և խորհրդարանի աշխատակիցների մոտ: Խորհրդարանը և տասնյակ այլ պետական կառույցներ փակվել են ախտահանության նպատակով:

Մոսկվայում այսօրվանից սկսում են աշխատել նաև բաց տարածքներ չունեցող սրճարանները և ռեստորանները, բացվում են ֆիթնես կենտրոնները, լողավազաններն ու մանկապարտեզները:

Իսպանական Հուեսկա նահանգում վերադառնում են կարանտինային միջոցառումներին՝ այնտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի վարակի նոր բռնկումներ: Մինչ այժմ սա առաջին դեպքն է, երբ Եվրամիության անդամ պետությունում կարանտինը չեղարկելուց հետո գրեթե անմիջապես նոր սահմանափակումներ են մտցվում: Մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսային վարակը տարածվել է սեզոնային աշխատողների շրջանում, ովքեր մրգեր և բանջարեղեն են հավաքում:

XS
SM
MD
LG