Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց գործով պետությանը պատճառված վնասից 54 միլիոնը Ալեքսանդր Սարգսյանն է վերականգնել


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արխիվ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արխիվ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոսիկանապետ Լյովա Երանոսյանի և այլ պաշտոնատար անձանց գործով պետությանը պատճառված 114 միլիոն դրամ վնասի մի մասը՝ 54 միլիոնը վերականգնել է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հատուկ քննչական ծառայության քննիչ Խորեն Մեժլումյանը, ով հարցաքննել է Վլադիմիր Գասպարյանին։

Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը՝ զբաղեցնելով Զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա` պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում։ Նա, մասնավորապես, մի զինծառայողի թույլ է տվել իր պարտականությունները կատարելու փոխարեն Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։

ՀՔԾ-ի պնդմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Այս դրվագով նախկին ոստիկանապետ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ:

«Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 միլիոնը, դրանից 54 միլիոնը վերաբերում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերականգնված գումարին: Այնտեղ վերականգնված գումար կա նաև կապված Վլադիմիր Գասպարյանի դստեր կողմից Ոստիկանության զորքերում ծառայության չգնալու, սակայն վարձատրվելու դրվագին: Այդ դրվագով ևս պետությանը պատճառված ավելի քան 8 միլիոն դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում դստեր կողմից», - ասաց Խորեն Մեժլումյանը:

Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում, յուրացում կատարելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցերին։

Իրեն առաջադրված մեղադրանքները չընդունող Վլադիմիր Գասպարյանն արդեն մեղադրյալի կարգավիճակում հրաժարվել է ցուցմունք տալ։ Նա, մասնավորապես, հրաժարվել է պարզաբանել թե ինչո՞ւ է դստերը՝ փոխգնդապետի, իսկ կնոջը՝ գնդապետի կոչումներ շնորհել, ինչպես նաև չի բացատրել, թե ինչո՞ւ է մյուս դստեր պրոդյուսերին պետության հաշվին բնակարան նվիրել, վերջինս, ըստ ՀՔԾ-ի, բնակարանի կարիք չի ունեցել, գործընթացն էլ ապօրինի է կատարվել։

«Ոստիկանության զորքերի նվագախմբում երկարամյա ծառայած մի խումբ աշխատակիցներ իրենց ցուցմունքներով հայտնել են դժգոհություններ առ այն, որ տեղեկանալով Քնարիկ Սասունյանին ընդամենը 6 օրով Ոստիկանության զորքերում գրանցելու և բնակարան տալու մասին, ըստ էության, վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ երկարամյա ծառայություն են անցկացրել ոստիկանությունում, նրանցից շատերը նաև ունեցել են բնակարանային ապահովման խնդիր ու ակնկալիք, սակայն իրենց հարցը չի լուծվել, փոխարենը լուծվել է այն անձի հարցն, ով ընդամենը 6 օր առաջ է գրանցվել ոստիկանության զորքերում ու երբևէ ծառայության չի ներկայացել», - նշեց Մեժլումյանը:

Իրավապահների պնդմամբ՝ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետ եղած տարիներին ևս երկու բնակարան է հատկացրել ոստիկանության բարձրաստիճան երկու պաշտոնյաների, որոնք ըստ ՀՔԾ-ի՝ նույնպես դրա կարիքը չեն ունեցել, բայց իր ցուցմունքում Գասպարյանը հակառակն է պնդել։ Բնակարան ստացած ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախկին ոստիկանապետի դստեր պրոդյուսերը չեն ընդունել, որ այդ անշարժ գույքերն իրենց հատկացվել է զարտուղի ճանապարհով։ Նշված երեք բնակարանների վրա կալանք է դրվել։

Այս գործից անջատվել ու առանձին վարույթով դեռ շարունակվում է նախաքննությունը Վլադիմիր Գասպարյանի կնոջ ու դստեր մասով:

ՀՔԾ-ից հայտնում են, որ նախկին ոստիկանապետի դուստրը 2015-ից ոստիկանությունում գրանցված աշխատող լինելու, բայց երբևէ աշխատանքի չգնալու դիմաց՝ երեք տարվա համար շուրջ 9 մլն աշխատավարձ է ստացել, այս ընթացքում նա վերադարձրել է 8 մլն դրամ։ Իսկ ոստիկանության ավագ ռեֆերենտ նշանակված և գնդապետի կոչում ստացած Գասպարյանի կինը չի ընդունել, թե ինքն ավելի քան 19 մլն դրամ աշխատավարձ է ստացել առանց պատշաճ աշխատանք իրականացնելու։

Քննիչ Խորեն Մեժլումյանը մեջբերում է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ցուցմունքից մի հատված. «Մշակութային միջոցառումների կազմակերպմամբ եմ զբաղվել, արարողակարգային՝ պատվիրակությունների դիմավորել, ճանապարհել, հյուրասիրությունների կազմակերպում, այդ ամենը ես եմ արել»: Դրանք քննության առարկա են, բնականաբար, հասկանալու համար, թե իրականում այդ աշխատանքը կատարվել է, թե ոչ: Դրա համար էլ գործն անջատվել է ու դեռևս նախաքննությունը շարունակվում է»:

Հատուկ քննչական ծառայությունում շուրջ մեկ տարի քննվող այս բազմադրվագ քրեական գործն արդեն ուղարկվել է դատախազություն, եթե դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունն ապա գործը կգնա դատարան։ Դրա համար դատախազությունն ունի 3 օր ժամանակ։

XS
SM
MD
LG