Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 9 միլիոնին, բուժվել են վարակվածների գրեթե կեսը, մահացել՝ 468 հազարը


Կոլումբիա - Բուժաշխատող Բոգոտայի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հունիս, 2020թ.

«COVID-19-ի համավարակը դեռ շարունակում է ակտիվ փուլում մնալ աշխարհի շատ երկրներում: Այս առումով մենք ուզում ենք հիշեցնել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող պաշտպանիչ դիմակի մասին», - զգուշացնում է ՄԱԿ-ը՝ հավելելով, որ դիմակները պետք է օգտագործվեն վիրուսի տարածումը զսպելու համար այլ միջոցների հետ միասին: Միայն դիմակ օգտագործելը բավարար չէ COVID-19 վարակի դեմ պաշտպանություն ապահովելու համար. դիմակ կրելով՝ պետք է նաև առնվազն 1 մետր հեռավորություն պահպանել, հաճախ լվանալ և ախտահանել ձեռքերը և խուսափել ձեռքերով դեմքին կամ դիմակին դիպչելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել աշխարհում՝ 183 հազար, այդ թվում Բրազիլիայում՝ մոտ 55 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 37 հազար, Հնդկաստանում՝ մոտ 15 հազար: Բրազիլիայում համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 50,5 հազարը, ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը գրեթե 120 հազար է:

Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 9 միլիոն է, մահացել է ավելի քան 468 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4,4 միլիոնը:

Ղազախստանում սահմանափակումների մեծ մասը հանգստյան օրերին կրկին կիրառվել են՝ փակվել են առևտրի կենտրոնները, 65-ից բարձր տարիքի մարդկանց թույլ չեն տվել դուրս գալ տներից:

Եվրոպայում կյանքը վերադառնում է բնականոն հուն, Եվրամիության երկրներն ավելի ու ավելի են մեղմացնում կարանտինային միջոցառումները, սակայն Գերմանիայում նոր բռնկումներ են գրանցվել ծերանոցներում և հիվանդանոցներում, փախստականների համար նախատեսված հաստատություններում, մսի վերամշակման գործարաններում, ինչպես նաև սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների շրջանում:

Իսպանիան հանել է արտակարգ դրությունը, որը գործում էր նախորդ երեք ամիսների ընթացքում, և սահմանները բացել եվրոպական երկրների մեծ մասից այցելուների համար: Եվրամիության, Շենգենյան գոտու երկրներից և Մեծ Բրիտանիայից ժամանած անձինք այլևս ստիպված չեն լինի երկու շաբաթ ինքնամեկուսանալ: Միևնույն ժամանակ, դեռ պարտադիր է 1,5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև դիմակներ կրելը խանութներում և հասարակական տրանսպորտում: Չափվելու է ժամանողների ջերմությունը, զբոսաշրջիկներից կպահանջվի նաև տեղեկացնել՝ հիվանդացե՞լ են արդյոք COVID-19-ով, թե՞ ոչ, ու թողնել կոնտակտային տվյալներ:

Արդեն երեք օր է՝ Իրանը հայտնում է COVID-19- ից ավելի քան 100 մարդու մահվան մասին, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2 հազար 368 նոր դեպք: Մայիսի սկզբին Իրանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը նվազել էր, բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում նորից սկսել է աճել:

Ռուսաստանում օրվա կտրվածքով շարունակում է վարակի 8 հազարից քիչ դեպք գրանցվել: Մոսկվայում ապրիլից ի վեր առաջին անգամ մեկ օրում հազարից պակաս նոր դեպք է գրանցվել:

XS
SM
MD
LG