Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Որքան շատ ես թեստավորում, այնքան շատ վարակակիր է ի հայտ գալիս»


Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում սրընթաց կերպով մոտենում է 9 միլիոնի։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, աշխարհի ավելի քան 200 պետություններում գրանցված վարակակիրների թիվն այս պահին ավելին է, քան 8 միլիոն 960 հազարը, մահացածների թիվը մոտենում է 470 հազարի։

Վերջին օրերին վարակակիրների կտրուկ աճ է նկատվում հատկապես Միացյալ Նահանգներում։ ABC հեռուստաընկերության տվյալներով, հանգստյան օրերին, կարանտինային սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, վարակակիրների կտրուկ աճ է նկատվել միանգամից 12 նահանգներում, այդ թվում այնպիսի խոշոր տարածաշրջաններում, ինչպիսին են Կալիֆորնիան, Տեխասը և Ֆլորիդան։

Ամերիկացի մասնագետների հրապարակած տվյալների համաձայն, Ֆլորիդայում նախորդ շաբաթվա ընթացքում ամեն օր հայտնաբերվող վարակակիրների թիվը անշեղորեն աճում էր՝ շաբաթ օրը հատելով 4000-ի շեմը։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ սակայն, այս ցուցանիշները ոչ թե երկրում տիրող ծանր համաճարակաբանական կացության կամ սահմանափակումների վաղաժամ թուլացման, այլ համատարած թեստավորումների հետևանք են։

Թրամփի խոսքով, համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի ավելի քան 25 միլիոն թեստ է իրականացվել։

«Երբ նման ծավալի թեստավորում ես իրականացնում, ավելի շատ վարակակիր է հայտնաբերվում։ Այդ իսկ պատճառով ես պարզապես խնդրում էի իմ ենթականերին՝ նվազեցրեք թեստավորումների տեմպը։ Բայց նրանք թեստավորում են ու թեստավորում», - հայտարարել է Թրամփը շաբաթ երեկոյան եռամսյա ընդմիջումից հետո հրավիրված առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ։

Թրամփի կողմնակիցների այդ հավաքը կազմակերպվել էր Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Օկլահոման, ի դեպ, մեկն է վերը հիշատակված 12 նահանգներից, որտեղ նախորդ շաբաթ վարակակիրների թվի կտրուկ աճ էր նկատվել։ Հասկանալու համար թե որքան լուրջ է իրադրությունը, հարկ է նշել, որ Թրամփի հանրահավաքի կազմակերպիչներից 6-ի մոտ արդեն իսկ կորոնավիրուսի է հայտնաբերվել։ Նահանգային իշխանություններն էլ կոչ են արել վերջին օրերին կազմակերպված բոլոր զանգվածային միջոցառումներին, այդ թվում Թալսայի հանրահավաքի մասնակիցներին, շտապ թեստավորման ենթարկվել։

Վերջին օրերին թեստավորումների քանակը կտրուկ կերպով ավելացրել են նաև Չինաստանի իշխանությունները՝ փորձելով կանխել համաճարակի երկրորդ ալիքի տարածումը։

Նման մտավախություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Պեկինի խոշորագույն շուկայում կորոնավիրուսի նոր բռնկում տեղի ունեցավ։

Դրան ի պատասխան Չինաստանի իշխանությունները մայրաքաղաքում լայնածավալ թեստավորում նախաձեռնեցին։

Reuters-ի տեղեկություններով, ընդամենը 10 օրում թեստավորվել է Պեկինի բնակչության շուրջ 10 տոկոսը՝ ավելի քան երկու միլիոն մարդ։ Դատելով այդ թեստավորումների արդյունքներից՝ իշխանություններին արագորեն հաջողվել է հայտնաբերել և մեկուսացնել վարակակիրներին, որոնց թիվը նախորդ շաբաթավերջին սկսեց արագորեն նվազել։ Եթե կիրակի օրը Պեկինում կորոնավիրուսի 22 նոր դեպք էր հայտնաբերվել, ապա այսօր այդ ցուցանիշը հասավ 9-ի։

Համաճարակի երկրորդ ալիքի հավանականությունը, ի դեպ, ավելի քան իրական է։ Հարավային Կորեայի իշխանությունները, օրինակ, այսօր հայտարարեցին, որ երկիրը արդեն իսկ անցնում է երկրորդ ալիք, որի հիմնական օջախները առայժմ մայրաքաղաք Սեուլի շրջակայքում են։ Վերջին երեք օրերին Հարավային Կորեայի տարածքում 130-ից ավելի նոր վարակակիր է հայտնաբերվել։

«Մեր կանխատեսումները, թե ամռանը, ջերմաստիճանի աճին զուգահեռ, կորոնավիրուսի տարածման տեմպերը կնվազեն, ճիշտ չէին։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ քանի դեռ մարդկանց միջև սերտ շփում է առկա, վիրուսը տարածվելու է, - այսօր հայտարարել է Հարավային Կորեայի Հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ժոն Յուն-Քյոն։

Վերջին մի քանի օրերին Արևմտյան Եվրոպայի պետություններից իրադրությունն առավել մտահոգիչ է Գերմանիայում: Համաճարակի երկրորդ ալիքի հիմնական օջախներից մեկը Հյուսիսային Հռենոս-ՎԵստվֆալիա երկրամասն է։

«Մենք լրջագույն համաճարակաբանական ճգնաժամի ենք բախվել։ Սահմանափակումների թուլացումից հետո մեր երկրամասում վարակակիրների թիվը աճել է 75 տոկոսով», - հայտարարել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վարչապետ Արմին Լաշետը։

Այս երկրամասում կորոնավիրուսի հիմնական օջախը Գութերսլո քաղաքում գտնվող մսամթերքի վերամշակման գործարան է, որի 6500 աշխատակիցներից 1000-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG