Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը դատապարտում է Անկարայի ժխտողականության փորձերը


Հունիսի 28-ին Ֆրանսիայում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կերպ ասած` քաղաքապետական ընտրությունների երկրորդ փուլը: Հայ համայնքի կազմակերպիչներն ուշադրությամբ հետևում են Հայ դատի հանդեպ թեկնածուների ունեցած դիրքորոշումներին:

Խնդրի պարզաբանման համար ցեղասպանության հարցի հետ կապված «Լենուվել դը Արմենի» ֆրանսահայ ամսագրի կայքը հունիսի 10-ին մի շարք հարցեր է ներկայացրել աջակողմյան Հանրապետական կուսակցության 16 թեկնածուներին, որոնցից 15-ը չեն պատասխանել նրան:

Համայնքի կազմակերպիչներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ վերջիններս հովանավորում են Փարիզի քաղաքապետի իրենց` Հանրապետական կուսակցության թեկնածու Ռաշիդ ալ Դատին, ով հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կարգի հետ իր բարեկամական հարաբերություններով: «Այն ժամանակ, - ինչպես գրել է կայքն իր խմբագրական հոդվածում, - Փարիզը սովորական քաղաք չէ, այն Ֆրանսիայի մայրաքաղաքն է, որ իբրև այդպիսին կարևորություն է ներկայացնում միջազգային հարաբերություններում»: Նույն առաջնորդողում կայքը անհանգստացնողից բացի, անհասկանալի է համարում իր հարցերին չպատասխանած հանրապետականների վերաբերմունքը, մանավանդ երբ գիտեն, ինչպես գրված է հոդվածում, նախագահ Ժակ Շիրակի կառավարման տարիներին` 2001թ. հունվարի 29-ին էր ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը, և որ նրան հաջորդած Նիկոլա Սարկոզիի և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կառավարման տարիներին` 2012 թվին, ընդունվել է Հայոց ցեղասպանությանը ժխտումը պատժող օրենքը:

Քաղաքապետական ընտրությունների նախապատրաստման շրջանում ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի Ֆրանսիայի կենտրոնական շրջանի գրասենյակը հանդես է եկել հաղորդագրությամբ` ազդարարելով և դատապարտելով ժխտողականություն ներմուծելու Անկարայի փորձերը:

Այսպես, Ֆրանսիայի կենտրոնական շրջանում մի շարք կուսակցությունների միացյալ ցանկերում, որ առկա է նաև քաղաքական մեծամասնության` նախագահ Մակրոնի կուսակցությունում, տեղ են գտել ժխտողական թեզերով հայտնի, ծագումով թուրք մի շարք քաղաքական գործիչներ, որոնք Էրդողանի բուռն պաշտպաններն են: Հաղորդագրությունում ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը դատապարտել է` նման անձանց իրենց ընտրացուցակներում ընդգրկելու համար` համարելով, թե վերջիններս դավաճանել են հանրապետական արժեքներին:

Ըստ հաղորդագրության` ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը չի կարող դեմ լինել ընտրական ցանկերում տարբեր մշակույթների պատկանող անձանց ներկայությանը և աջակցում է բոլոր նրանց, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, պայքարում են Թուրքիայում կամ այլ տեղ Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց միաժամանակ կոչ անում վճռականորեն պայքարել ժխտողականություն քարոզողների և այն փորձերի դեմ, որով նրանք ցանկանում են ներմուծել Ֆրանսիայի Հանրապետության հիմնական սկբունքներին ամբողջապես հակառակ Անկարայի քաղաքականությունը:

XS
SM
MD
LG