Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում այսօր ՏԻՄ ընտրություններ են. ֆրանսահայերը ևս թեկնածուներ ունեն


Չնայած կորոնավիրուսի ծավալմանը Ֆրանսիայում քաղաքապետական` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սկսվել են այսօր, ինչպես և որոշված էր: Այս մասին դեռ մարտի 12-ին հայտարարությամբ էր հանդես եկել հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը` բացատրելով, որ այս որոշումն ընդունվել էր Ելիսեյան պալատի գիտական խորհրդի հետ նախորդ օրը կատարված լուրջ քննարկումից հետո:

Կորոնավիրուսի համաճարակից Ֆրանսիայում 91 մարդ է մահացել, ախտորոշվել է 4500 դեպք, որից 300-ը լուրջ վիճակում են: Համաճարակն արդեն երրորդ փուլում է, ինչը բերել է իր հետ նրան դիմադրելու ավելի արմատական մջոցառումների կիրառմանը: Երեկ երեկոյան հանդես գաով հեռուստատեսությամբ` վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարեց այդ միջոցառումների մասին` սրճարանների, ռեստորանների, կինոթատրոնների, իր խոսքով` բոլոր ոչ անհրաժեշտություն ներկայացնող վայրերի փակում` պահպանելով հանդերձ քաղաքացիների համար կարևոր ծառայությունները` շուկա, մթերային խանութներ, դեղատներ, բանկեր, լցակայան, հաղորդակցության միջոցներ:

Երկուշաբթի օրվանից մինչև ամսվա վերջ փակ կլինեն նաև ուսումնական հաստատությունները: Կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու միջոցառումներ ձեռնարկվել են ընտրական տեղամասերում` ձեռքերը մաքրող հեղուկ է դրված ընտրողների տրամադրության տակհամար, խորհուրդ է տրվել ընտրատեղամաս ներկայանալ սեփական գրիչով և մեկ մետր հեռավորություն պահպանել միմյանց միջև: Մասամբ բազմամարդ հանրահավաքների արգելմամբ սպասվում է, որ համաճարակը կարող է բացակայության ցուցանիշւ սահմանման պատճառ հանդիսանալ, մինչդեռ այս ընտրությունները կարևոր են առօրյա կյանքի կազմակերպման համար, ինչպես նաև ունեն համազգային կարևորություն, քանի որ իրենց անմիջական ազդեցությունն ունեն միությունների, ինչպես նաև Սենատի ապագա կազմավորման համար:

Առողջապահության, հաղորդակցության միջոցների, բնակարանային պայմանների բարելավում, ապահովություն, շրջակա միջավայրի պաշտպանություն. առանցքային թեմաներն են այսօրվա ընտրությունների, որոնցում ֆրանսահայերն ունեն բազմաթիվ թեկնածուներ: Նրանք գրանցված են հատկապես Փարիզի և Մարսելի բազմաթիվ թաղամասերի ցուցակներում: Այսպես` Փարիզի 15-րդ թաղամասում աչքի է ընկնում Անուշ Թոռանյանը` գրանցված Փարիզի ներկայիս քաղաքապետ և ֆրանսահայերի հավատարիմ բարեկամ Անն Իդալգոյի ընտրական ցանկում: Վերջինս 6 տարի Փարիզը ղեկավարելուց հետո պայքարում է ընտրական նոր շրջանի համար: Ըստ վերջին հարցումների` նա լավագույն դիրքում է գտնվում իր մրցակիցների համեմատ: 9-րդ թաղամասում է գրանցված Ալեքսի Գովսյանը` ներկայումս 9-րդ թաղամասում առաջին կցորդ, Մարսելում Դիդիե Փառաքյանը Հանրապետական կուսակցությունից և Պասկալ Շամազյանը իշխող կուսակցությունից:

Մարսելում ֆրանսահայերի ցանկությունն է ծագումով հայ Մարտին Վասալի ընտրությունը: Ֆրանսական ամսագրերից մեկը հետաքրքիր տեղեկություններ է տվել ֆրանսահայ թեկնածուների մասին` ներկայացնելով դեռևս ոչ այդքան հայտնի քաղաքական գործիչների, ինչպիսին են օրինակ` Ժան Բարսեղյանը և Բեատրիս Հովնանյանը, որոնցից առաջինը Ստրասբուրգում գլխավորում է Կանաչների բնապահպանական կուսակցության ցուցակը և կարող է հաջողություն արձանագրել, երկրորդը այս կուսակցության 4-րդ տեղում է Քան հյուիսային քաղաքում: Ընտրական երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 22-ին:

XS
SM
MD
LG