Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան կվերսկսի աշխատանքները հունիսի 22-ից


«Գլրիա» կարի ֆաբրիկան Վանաձորում, արխիվ

Երկուշաբթի օրվանից Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կվերագործարկվի։ Տնօրեն Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց, 2700 աշխատակիցների 90 տոկոսն առողջ են և 14-օրյա ինքնամեկուսացումից հետո պատրաստ են աշխատանքի գնալ, բայց խոշոր արտադրության սեփականատերը մտավախություն ունի, արդյո՞ք հնարավոր կլինի վերսկսել աշխատանքն առանց ընդհատումների։

«Ենթադրենք 2700 մարդ է, 20 օր հետո մեկը նորից հիվանդացավ, նորից 2700-ին տուն ուղարկե՞նք», - ասաց ֆաբրիկայի տնօրենը:

Բագրատ Դարբինյանն օրինակ է բերում իր եվրոպացի գործընկերներին։ Ասում է՝ նրանց արտադրամասերի վարակակիրներին մեկուսացնում են, բայց ֆաբրիկաներն ամբողջությամբ չեն փակվում։

«Ուրիշ երկրներում, օրինակ, Բուլղարիա, Մակեդոնիա, զրուցում եմ կոլեգաներիս հետ, ասում են՝ «10 հոգի է, 5 հոգի է, վարակվում են, նրանց մեկուսացնում ենք ու շարունակում ենք աշխատել», - նշեց Դարբինյանը:

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կա մոտ 3300 ինքնամեկուսացված քաղաքացի, ոմանք վարակակիր են, ոմանք էլ վարակակրի հետ են շփվել։ Այս թվերը մարզում աճեցին հատկապես այն բանից հետո, երբ վարակակիրներ հայտնաբերվեցին Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում։ Օրեցօր մեծանում էր ինքնամեկուսացվածների թիվը ֆաբրիկայի աշխատակիցների և նրանց ընտանիքների շրջանում, որի հետևանքով արդեն 17 օր արտադրությունը կանգնեցված է։

«Գլորիա»-ն փակելուց մի քանի օր անց Վանաձորում դադարեցվեց նաև մեկ այլ տեքստիլ ձեռնարկության՝ «Սարտոն» կարի ֆաբրիկայի գործունեությունը, դարձյալ կորոնավիրուսի տարածման հետևանքով։

Հունիսի 3-ին «Գլորիա»-ն փակվեց, երբ երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս հաստատվեց, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսը, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանված չէր։

Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասաց՝ դեռ քննարկում են՝ ինչպես կարելի է կազմակերպել աշխատակիցների անվտանգ տեղափոխումը։ Նա ավելի վաղ ասել էր, որ 25 վարձակալած ավտոբուսներով հնարավոր չէ Վանաձորի տարբեր թաղամասերից, ինչպես նաև հարակից համայնքներից աշխատակիցներին ֆաբրիկա հասցնել՝ պահպանելով պահանջվող բոլոր կանոնները։

«Ավտոբուսները միանշանակ ոնց որ չեմ կարողանում կազմակերպեմ, մանավանդ դա անընդհատ ուշադրության կենտրոնում է, վարչապետի էլ հսկողության տակ է, հետո ես գտնում եմ, որ դրանից կսկսվի այդ խախատումների շարանը: Դրա համար ասել ենք՝ ավտոբուս չկա առայժմ, մյուս կողմից էլ հորդորենք միգուցե քաղաքային տրանսպորտը մի քիչ նորմալ աշխատի», - ասաց Բագրատ Դարբինյանը:

«Գլորիա»-ի սեփականատիրոջ կարծիքով՝ արտադրության անխափան կազմակերպումը մեծապես կախված կլինի նաև աշխատակիցների պատասխանատվությունից, թե որքանով կպահպանեն անվտանգության կանոններն ինչպես արտադրամասերում, այնպես էլ դրանից դուրս։ Ասում է՝ հանրության մոտ պատասխանատվություն չկա, ու խոստովանում, որ ինքն էլ իր հերթին դժվարանում է այդ հարցում։

«Մարդը 50 տարի տարբեր ռեժիմների ժամանակ՝ Սովետական միություն, էն մյուս ղեկավարների անուն ազգանունները չեմ ուզում տամ և այլն, էս ձևի էդքան պատասխանատվության բարձր ցուցանիշ չեն ունեցել, մարդիկ եկել են, հասել են 50 տարեկան, 40, 30 տարեկան հիմա մի օրում ես ասեմ՝ «փոխվեք ամբողջությամբ և խախտում չկատարեք», չի աշխատում էլի դա», - ընդգծեց Դարբինյանը:

Լոռու մարզպետարանից ստացված երեկվա տվյալներով 468 վարակակիր կա մարզում, որոնց մոտ կեսը առողջացել է, 6-ը՝ մահացել։ 50 մարդ հոսպիտալացված է, մյուսներն առանց ախտանշանների, կամ թեթև ախտանշաններով տանն են։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս շեշտում է քաղաքացիների անպատասխանատու վարքագծի մասին։ «Իհարկե, բոլորս պատկերացնում ենք, որ մի մասը համենայն դեպս խախտել են այդ ինքնամեկուսացման ռեժիմը, ես չեմ բացառում նման դեպքեր, բայց սա արդեն քաղաքացու պատասխանատվության խնդիրն է: Եղել է դեպք, որ ես ինքս եմ նման դեպքեր հայտնաբերել և դրանից հետո, իհարկե, փորձել ենք կանխել և զգուշացնել ևս մեկ անգամ, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը դրսևորել է անպատասխանատու պահվածք, վարքագիծ, դրա պատճառով նաև նպաստել է նման թվերի աճի», - ասաց մարզպետը:

XS
SM
MD
LG