Մատչելիության հղումներ

«Գլորիայի» սեփականատերը հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին աշխատավարձ չի վճարի


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը հարկադիր պարապուրդի մեջ գտնվող ավելի քան 2600 աշխատակիցներին աշխատավարձ չի վճարի։

Հունիսի 3-ին պարետի որոշմամբ ֆաբրիկան փակվել է աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս պահին մարզի 261 վարակակիրների գերակշիռ մասն այս ֆաբրիկայից է։

«Գլորիայի» սեփականատերը «Ազատությանն» ասաց, որ եկամուտներ չունի և վերջին ամիսներին ընդհատումներով աշխատելու պատճառով մեծ վնասներ է կրել. – «Գումարներ չունենք: Ո'չ նախկինների ժամանակ եմ հասցրել շատ գումար թալանել, կուտակել, ո'չ նախկինների նախկինների ժամանակ: Ո'չ պապիցս եմ ժառանգել, ո'չ էլ ուսուցիչ հորիցս: Պարտք եմ վերցրել էդ գումարները և արել եմ: Հիմա ի՞նչ հնարավորություններով ես կարամ.... էն էլ մի հարյուր մարդ չեն, 2 հազար 700 մարդու հլա վճարի...»

Հաշվարկում է՝ մոտ 2700 աշխատողին անգամ նվազագույն աշխատավարձ վճարելու դեպքում ընկերությանը 270 միլիոն դրամ հարկավոր կլինի։

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ Կառավարությունը քննարկում է սահմանափակումներից վերացումից հետո վերագործարկված, ապա նորից համավարակի հետ կապված պարապուրդում հայտնված ընկերություններին աջակցելու հարցը։ Նախարարը նշել է, որ Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից մեկով գործատուները կարող են անտոկոս վարկ վերցնել ու աշխատավարձ վճարել աշխատողներին. – «Ծրագրերը տարբեր են: Իրենց մասով հավանաբար ավելի շատ կարող էին օգտվել տնտեսական ծրագրերից, այսինքն` գործատուն կարող էր վարկավորման ծրագրից օգտվել` աջակցելու քաղաքացիների աշխատավարձի համար: Էս ծրագրերը նորից շարունակվում են, հիմա քննարկվում են: Որևէ նոր բան հիմա ասել չեմ կարող»:

Բագրատ Դարբինյանը հակադարձում է. 5 միլիոն դոլարի վարկ ունի, առանց եկամտի ծախսերը չի ավելացնի. – «Աջակցելը ի՞նչ ա... պարտքով փող տան, հետո ասեն հետ տուր։ Ո՞րտեղից հետ տանք: Մեր ամեն ամսվա եկամուտը մեր ընթացիկ ծախսերին ա բավականացնում, մենք չենք էլ կարողանում կուտակենք, որ հետո էդ պարտքերը հետ տանք: Հազիվ վարկերն ենք սպասարկում, աշխատավարձերը, հարկերը և կոմունալ ծախսերը»:

Դարբինյանն ասում է, որ հունիսի 3-ին ֆաբրիկայի փակվելուց հետո եվրոպացի պատվիրատուները հետ տարան Վանաձոր ուղարկված հումքը. – «Մի հատ Ավստրիայից պատվեր ունեինք, հետ ուղարկեցինք: Էն մյուս պատվիրատուները պակասացրին»:

Մարտի վերջին, տնտեսական գործունեության սահմանափակումներից հետո, երբ ֆաբրիկան փակվեց ավելի քան մեկ ամսով, գործատուն աշխատավարձ չվճարեց աշխատողներին։ Նրանք օգտվեցին պետական աջակցության ծրագրերից՝ 68-100 հազարական դրամների չափով։

Այսօր ինքնամեկուսացած աշխատակիցները միայն սննդի արկղեր են ստանում Լոռու մարզպետարանից։

XS
SM
MD
LG