Մատչելիության հղումներ

Նախարարի հրապարակած քարտեզը թույլ չի տալիս «հստակ հասկանալ, թե դա որ տունն է կամ որ շենքը»


Դավթաշենցի մի տիկին տեսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած քարտեզը, որտեղ կորոնավիրուսով վարակակիրներն են՝ կարմիր չարագուշակ կետերով, և որտեղ քարտեզին չհավատացող այդ տիկինն է ապրում, ամենակարմիրներից է. – «Դե լավ էլի: Ես էսօր Ֆեյսբուքով էլ եմ կարդացել, որ Երրորդ թաղամասում կա, բայց նման բան չկա: Ո՞նց կարելի ա։ Ամեն ասածի հո չեն հավատում...»։

Վարակվածների քարտեզը թարմացվում է յուրաքանչյուր ժամը մեկ։ Այստեղ ֆիքսվում է տվյալ պահի դրությամբ հաստատված COVID-19 ունեցող ու ոչ թե հիվանդանոցում, այլ տանը բուժվող քաղաքացիների մոտավոր տեղանքը: Ծրագրի տեխնիկական ապահովմամբ զբաղվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության թիմը` Ավետ Մանուկյանի գլխավորությամբ:

Մանուկյանի խոսքով, ոչ ոք այնուամենայնիվ չի կարող ճշգրիտ տեղորոշել, թե վարակակիրը որ տանը, որ շենքում է ապրում. – «Եթե գծեք շրջանագիծ հիսուն մետր շառավղով, ցանկացած կետում կարա էս կարմիր կետիկը հայտնվի, որպեսզի դուք չկարողանաք հստակ հասկանաք, թե դա որ տունն ա, թեկուզ առանձնատունն ա, կամ որ շենքն ա»:

Վարակակիրներ են երևում Քանաքեռի գերեզմանատանը, Թոխմախի լճում։ Ավետ Մանուկյանի պարզաբանմամբ, կան վարակակիրների հասցեներ, որ ծրագիրը չի ընկալում, և այդ դեպքում օպերատորն աշխատում է «ձեռքով», և վրիպումներ հնարավոր են: Այդուհանդերձ Մանուկյանը շեշտում է, որ քաղաքացին տվյալ դեպքում, այնուամենայնիվ, շատ հեռու չէ` գերեզմանի կամ լճի թաղամասում է:

Այժմ տվյալները ճշգրտում են. առայժմ կարմիրներից ազատել են Քանաքեռի գերեզմանը, բայց մեկը դեռ մնացել է Զեյթունի շիրմաքարերի արանքում, Բուսաբանական այգում է մի թափառող կարմիր մեկուսացել. – «Փակել ենք, որպեսզի էս հատվածում ոչ մի կետ չհայտնվի: Ուղարկել ենք ճշտման»:

Մեկուսացումից դուրս եկած քաղաքացիներն իրենց կարմիր կետի հետ միասին անհետանում են քարտեզից` ավելի քան 7000 մարդ: Ողջ հանրապետության պատկերն է այստեղ, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե արդյոք տարածքը, որտեղ ապրում ես, ապահովներից է թե ոչ:

Ի դեպ, դեռ կան մարդիկ, որոնց վարակն ու դրա վտանգները ամենևին չեն անհանգստացվնում: Շենգավիթը քարտեզի ամենակարմիրներից է, այնտեղ ապրող Սամվել Խեմչյանը վստահ է, որ մահանում են թույլերը, այն էլ` սովորական գրիպից. – «Էսի կապիկություն ա, ես ընդհանրապես չէի դնի: Որովհետև դա սուտ ա, տենց հիվանդություն չկա»:

Մեկ այլ տղամարդ Դավթաշենի ամենակարմիր թաղամասից դրսում դիմակ կրելու մեջ շարունակում է իմաստ փնտրել. – «Դրսում առանց մասկա եմ ման գալի, որովհետև դրա իմաստը չկա, տենց եմ գտնում: Իսկ խանութ մտնելուց, լիֆտ, տրանսպորտ, ձեռնոց, սալֆետկա, ամեն ինչ օգտագործում եմ»:

Քաղաքացիների հիմնական մասը դիմակ ունի` չտուգանվելու համար, քիթ-բերանը փակում են նաև տեսախցիկը նկատելուն պես:

Կային զգոնությունն ու զբոսանքը համատեղողներ. – «Վախենում ենք շատ, բայց դե դիմակներով ենք, երեխաներն էլ տանը չեն կարողանում մնալ»:

Ոստիկանության աչքից հեռու՝ այգում դիմակ կրող չկա: «Կարմիր» թաղամասի բնակիչն ասում է՝ վիրուսի վտանգներին հավատում է, բայց Դավթաշենում, վստահ է, որ չկա:

XS
SM
MD
LG