Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները պետական պաշտպանություն են առաջարկել Պուտինին վիրավորած լրագրողին


Լրագրող Գեորգի Գաբունիան զրուցում է լրագրողների հետ, 19-ը հունիսի, 2020թ.
Լրագրող Գեորգի Գաբունիան զրուցում է լրագրողների հետ, 19-ը հունիսի, 2020թ.

Գեորգի Գաբունիան այսօր ասել է, որ կառավարությունը իրեն պետական պաշտպանություն է առաջարկել, ընդհուպ պլաստիկ վիրահատությամբ փոխել դեմքը, ուրիշ անուն ազգանունով նոր անձնագիր տալ, բայց ինքը դեռ որոշում չի կայացրել, պետք է խորհրդակցի փաստաբանի հետ, գնահատեն սպառնալիքներն ու ռիսկերը։

«Չեմ կասկածում, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա ինձ վերացնել, ապա դա կլինի միայն Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստան նշանակում է Պուտին, և դա կարող է արվել Ռամզան Կադիրովի միջոցով», - Թբիլիսիի դատարանում ասել է Գաբունիան լրագրողներին։

Գեորգի Գաբունիան և «Մտավարի Արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան այսօր հետաքննության հարցերին պատասխանել են դատավոր-մագիստրոսի ներկայությամբ։ Գվարամիան այսօրվա հարցաքննությանն ասել է, թե իր տեղեկություններով Թբիլիսում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Վասամբեկ Բոկովը քիլերը չէր, նա հետևում էր Գաբունիան և պետք է, որ հանցակիցներ ունենա։

Ենթադրաբար Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից պատվիրված մահափորձի կանխումը Վրաստանի իշխող կուսակցությունը հարվածային գործիք է դարձրել ընդդիմության դեմ։

«Վրացական երազանքի» առաջնորդներից, խորհրդարանի նախկին խոսնակ Իրաքլի Կոբախիձեն ընդդիմադիր մի շարք գործիչների համարել է ռուսական հետախուզության գործակալներ, որոնք փորձում են ապակայունացնել երկրի իրավիճակը։ Գործակալների ցանկում նա դասել է «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին, «Հաղթական Վրաստան» կուսակցության առաջնորդներ Իրաքլի Օքրուաշվիլիին և Գուբազ Սանիկիձեին, Լեյբորիստների ղեկվար Շալվա Նաթելաշվիլիին ու նրանց հետ համագործակցող մյուս ընդդիմադիրներին։

Ընդդիմադիր դաշտի այս հատվածին Կոբախիձեն նախկինում ևս մեղադրել էր Ռուսամետ կողմնորոշումների համար։ Հիմա նա իրար է կապել Ռուսաստանի ու Վրաստանի ընդդիմության շահերը, Գեորգի Գաբունիայի մահափորձի կանխումը, նրա նկատմամբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սպառնալիքները։

Արձագանքելով նրա պնդումներին, Նինո Բուրջանաձեն ասել է, թե «Վրացական երազանքի» տգիտությունն ու հիմարությունը սահմաններ չունի։

Լեյբորիստների առաջնորդներից Գեորգի Գուգավան ասել է, թե ընտրություններից առաջ «Վրացական երազանքի» զառանցանքի գործակիցը սկսել է չափն անցել։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան քննադատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով նախօրեին ասել էր, թե չի մեկնաբանի Ռամզան Կադիրովի հայտարարությունը։ Չեչնիայի ղեկավարը լրագրող Գաբունիային խորհուրդ է տվել ծնկաչոք ներողություն խնդրել անցյալ տարվա զառանցանքի համար։

Անցյալ տարի Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում վիրավորել էր Ռուսաստանի նախագահին։

Ընդդիմությունից բացի, Վրաստանի շատ փորձագետներ ևս աբսուրդ են համարում Կրեմլի ու Կադիրովի հետ Վրաստանի ընդդիմության դավադրության տեսությունը։ Սակայն իշխող կուսակցության ներկայացուցիչները այս, կամ այն կերպ, առանց անուններ տալու, պաշտպանում են ընդդիմադիրներին գործակալներ համարող իրենց գործընկերոջ տեսակետը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երեկ ասել է, թե հետաքննությունը որքան հնարավոր է պետք է արագ անցկացվի, որպեսզի արտաքին ու ներքին թշնամիները այդ հարցը չօգտագործեն իրենց քաղաքական նպատակների համար։

Սակայն հեռանկարում գործի քննությունը համընկնելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ։

Ռուսաստանի քաղաքացի, Ինգուշեթիայի բնակիչ 38-ամյա Վասամբեկ Բոկովը Թբիլիսիում ձերբակալվել է ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 12-ին։ Դատական նախնական լսումները պլանավորված են օգոստոսին, աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի եռուն շրջանում։

XS
SM
MD
LG