Մատչելիության հղումներ

«Ռուսթավի-2»-ի հաղորդավարի պահվածքը դատապարտում են և՛ Ռուսաստանում, և‘ Վրաստանում


Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ նոր լարվածություն հրահրելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առանց այդ էլ սրված հարաբերություններում:

Երեկ ուշ երեկոյան ընդդիմադիր հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդաշարի ընթացքում շուրջ մեկ րոպե շարունակ ռուսերեն լեզվով վիրավորական՝ այդ թվում սեռական բնույթի արտահայտություններ է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը աննախադեպ էժանագին որակելով տեղի ունեցածը՝ հայտարարել է. - «Տեղի ունեցածը դիտարկում ենք որպես ևս մեկ բացահայտ սադրանք Վրաստանի ծայրահեղական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը»:

Կրեմլի արձագանքը ևս չուշացավ: «Վճռականորեն դատապարտում ենք մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչեցված վիրավորանքները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Անխոս, նման վարքագիծը, որը սադրվել է ռուս-վրացական հարաբերությունները է՛լ ավելի բարդացնել ցանկացողների կողմից, բացարձակ խելագարության հետևանք է, հարիր չէ վրաց ժողովրդին»:

Վրաց լրագրողի կողմից Կրեմլի ղեկավարի հասցեին հայհոյանքներն ու անպարկեշտ խոսքերը զայրույթ են հարուցել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Վրաստանում: Տեղի ունեցածը խստորեն դատապարտել են երկրի թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, թե՛ լրագրողական կազմակերպությունները:

«Սա սադրիչների պատերազմ է ընդդեմ սեփական երկրի, կեղտոտ և զզվելի խաղ պետության և քաղաքացիների հետ», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Հաղորդավարն իրեն թույլ է տվել անել մի բան, որն անընդունելի է Վրաստանի համար. դա կոչվում է հարված պետական շահերին», - իր հերթին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Իր անվան հետ կապվող լրատվամիջոցի եթերում տեղի ունեցած սկանդալային միջադեպը դատապարտել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ պայքարում մեր լրատվամիջոցները չպետք է նմանվեն ռուսաստանյան հիստերիկ ԶԼՄ-ներին: Ճշմարտությունը մեր կողմն է, և ճշմարտությունը մենք պետք է փոխանցենք քաղաքակիրթ ձևով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր ուժին հարող հեռուստաընկերության լրագրողի աննախադեպ պահվածքը դատապարտել են նաև հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր երեկ ուշ երեկոյան հավաքվել են լրատվամիջոցի շենքի մոտ՝ հրապարակային ներողության պահանջով:

1994 թվականից գործող երկրի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել իր լսարանից՝ հայտարարելով, որ լրագրողի ընտրած ձևակերպումները չեն համապատասխանում բարձր չափանիշներին, որոնցով առաջնորդվում է լրատվամիջոցը: «Հեռուստաալիքը կտրականապես անընդունելի է համարում լրագրողի կողմից նման կարծիքի արտահայտումը: Հետևաբար մենք անպայման կքննարկենք հարցը և համապատասխան որոշում կընդունենք հեղինակի նկատմամբ», - երեկ հայտարարել է լրատվամիջոցի ղեկավար Նիկա Գվարամիան, ով իր հերթին բազմիցս է քննադատության թիրախում հայտնվել եթերում իր կողմից թույլ տրված անպատշաճ արտահայտությունների պատճառով:

Գվարամիան միևնույն ժամանակ ենթադրել է, որ հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիան առաջնորդում են իշխանությունները, ինչն, իր խոսքերով, դատապարտելի է: «Ռուսթավի-2»-ի ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը միջամտելու փորձ:

Ռուս-վրացական հարաբերություններում հերթական այս լարվածությունը տեղի է ունենում մեկ այլ դիվանագիտական սկանդալի ֆոնին, որի հետևանքով Թբիլիսիում ավելի քան երեք շաբաթ չեն մարում բողոքի ցույցերը: Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ՝ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում: Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել՝ վերածվելով բողոքի բազմահազարանոց ակցիաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG