Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է կեղծ տեղեկատվության տարածման փորձի բացահայտման մասին:

«Ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երևանի մասին. Մերը չէ» խորագրով մեկ ու կես րոպե տևողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: Երևանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ` «Երևանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել և զբաղվել են առևտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ և միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը և բովանդակությունը: Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երևանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա ևս մեկ փաստ է, որ «Իրևան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Մինչդեռ, շարունակում է ԱԱԾ-ն, պարզվել է, որ «իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թվականի փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երևանը ներկայացնելու նպատակով»:

«Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վազգեն Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ բայց ոչ ադրբեջանցիներ, և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար», - ընդգծում է Ազգային անվտանգության ծառայությունը:

«Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն նրանց չի հաջողվել», - շեշտում է ԱԱԾ-ն՝ քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորելով «լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութեր հայտնաբերման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG