Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերստին սպառնացել է խզել տնտեսական կապերը Չինաստանի հետ:
Նա այդ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ ասել է, թե ամերիկյան տնտեսությունը չինականից տարանջատելը գործող տարբերակ չի համարում:
«Դա դեսպան Լայթհիզերի մեղքը չէ, թերևս, ես պետք է ավելի հստակ արտահայտվեի: Ամերիկան ունի կոնկրետ ռազմավարություն որոշակի հանգամանքներում տնտեսությունը Չինաստանի տնտեսությունից ամբողջապես տարանջատելու առումով», - Թվիթերում գրել է Թրամփը:
Մոլորակի երկու ամենախոշոր տնտեսություններով երկրների հարաբերություններում տնտեսական բազմաթիվ վեճերին գումարվել է երկու նոր հանգամանք՝ Վաշինգտոնը դժգոհ է կորոնավիրուսի հարցում Պեկինի վարած քաղաքականության կապակցությամբ և քննադատում է Հոնկոնգում ավելի խիստ անվտանգության օրենքներ ընդունելու Պեկինի որոշումը: