Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ընթացքում նոր հեռահար հրթիռ են փորձարկել։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը` փոխանցելով, որ իրանական արտադրության նորաստեղծ հրթիռը հաջողությամբ խոցել է ափից 280 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը։
Սրանք Իրանի ռազմածովային ուժերի կողմից անցկացված առաջին զորավարժություններն են մայիսին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո։ Մոտ մեկ ամիս առաջ Հորմուզի նեղուցում ընթացող զորավարժությունների ընթացքում իրանցի զինվորականները սխալմամբ խոցել էին սեփական ռազմանավերից մեկը՝ 19 զինվորականների մահվան պատճառ դառնալով։